News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ-ից Ադրբեջանի Զինված ուժերին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի մատակարարումը ՊՆ դիրքորոշման պատճառով չէր կայացել:

«Կոմերսանտը» գրում է, որ ռուս զինվորականները համարել են, որ տվյալ համալիրի հրթիռի արտահանման ենթակա մոդիֆիկացիան կարող է սպառնալիք լինել ՌԴ Կասպյան նավակազմի համար, որը գտնվում է ռուսական տարածքային ջրերում: ՌԴ համար մեկ տեսակ արտադրանքի մատակարարումից հրաժարվելը մեծ վնաս չէ. վերջին տարիներին Բաքուն ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի ռուսական զենք եւ տեխնիկա է գնել:

Առաջին անգամ ադրբեջանական զինվորականների կողմից «Բալ» տեսակի համալիրի դիվիզիոնի արտահանման ենթակա մոդիֆիկացիայի գնման մասին լուրը հայտնվեց 2014-ին, երբ համալիրն արտադրող «Մարտավարական հրթիռային սպառազինություն» ընկերությունը Աստանայում ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների KADEX 2014 ցուցահանդեսին տվյալ սպառազինության շնորհանդեսը ներկայացրեց:

Հետաքրքրությունը տրամաբանական էր, քանի որ Ադրբեջանը վաղուց էր ցանկանում հրթիռային համակարգեր գնել, որոնք կարող են Կասպից ծովի իր առափնյա հատվածը ծածկել:

Այսպես, ադրեբջանցի զինվորականներին հետաքրքրում էր «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրը՝ «Յախոնտ» հականավային հրթիռով, սակայն գործը առարկայական բանակցություններին այդպես էլ չհասավ, քանի որ Մոսկվայից բանակցությունների համար համապատասխան ազդանշան չեղավ:

«Բալերի» հետ կապված թեման, սակայն, շարունակություն ունեցավ: Ըստ հրատարակության աղբյուրի, կողմերն անգամ նախաստորագրել էին գործարքը, որը ենթադրում էր առափնյա հրթիռային համալիրի փոքր խմբաքանակի եւ մի քանի տասնյակ ԶՄ24 հրթիռների (արտահանման տարբերակը Խ-35Է) ստորագրում:

Սակայն գործը հստակ համաձայնագրի ստորագրմանը այդպես էլ չհասավ: Մի քանի ռազմական զրուցակիցներ պատմել են, որ դրա պատճառը ՌԴ ՊՆ-ի հատուկ դիրքորոշումն էր, որը կապված էր «տվյալ համալիրների մատակարարման աննպատակահարմարության հետ՝ Կասպյան նավակազմի նավերի նավագնացության անվտանգության ապահովման համար»:

Նրանց խոսքով, հաշվարկները ցույց են տվել որ, հրթիռի անգամ արտահանման տարբերակը կարող է ռուսական նավերի համար, որոնք գտնվում են ռուսական տարածքային ջրերում, սպառնալիք հանդիսանալ:

«Նման փաստարկների հետ վիճելն անիմաստ էր, ուստի նախաստորագրված համաձայնագիրը հանվել էր օրակարգից, նրանք լսել էին մեր դիրքորոշումը»,—հաստատել է զինվորական պաշտոնյաներից մեկը: «Կոմերսանտը» այս տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքով ՌԴ ՊՆ հարցում էր ուղարկել (հոդվածը գրելու ժամանակ պատասխանը դեռ չէր ստացվել):

Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը եւ «Ռոսօոբորոնէքպորտ»-ը մեկնաբանություններից հրաժարվել են:

Հստակ պայմանագիր կնքելու դեպքում Ադրբեջանը կդառնար երրորդ երկիրը, որն իր սպառազինություն է մատակարարել «Բալ» տեսակի համալիր: Դրա արտահանման մեկնարկային պատվիրատուն պետք է լիներ Լիբիան, սակայն 2011 թվականի մարտին երկրում սկսված քաղաքացիական պատերազմի հետեւանքով նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հրամանով էմբարգո սահմանեց ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վրա: Տակտիկական հրթիռային սպառազինության կորպորացիայի (ՏՀՍԿ) ձեռքից բաց թողած շահույթը գերազանցեց 300 մլն եվրոն:

Արդյունքում՝ «Բալ»-երով սպառազինված առաջին արտասահմանյան պետությունը դարձավ Վիետնամը. 2012 թվականի դեկտեմբերին հաղորդվեց, որ ՏՀՍԿ-ն կատարել է այս երկրին հրթիռային մոտորանավերի բրիգադի համար հականավային 3М24 հրթիռների մատակարարման պայմանագիրը:

Ի դեպ, Ռուսաստանում «Բալ»-ով սպառզինված է Կասպիական նավակազմի (Իզբերբաշ) առափնյա հրթիռահրետանային զորքերի (ԱՀՀԶ) 46-րդ առանձին դիվիզիան, Սեւծովյան նավատորմի (Ուտաշ) ԱՀՀԶ 11-րդ բրիգադները, Սեւծովյան նավատորմի (Սեւաստոպոլ) ԱՀՀԶ 15-րդ բրիգադները, Խաղաղօվկիանոսյան նավատորմի (Սմոլյանինովո) ԱՀՀԶ 72-րդ գունդը: Այս հրթիռային մոտորանավերի բրիգադի  եւս մեկ դիվիզիա 2016 թվականին մարտական հերթապահություն է սկսել Կունաշիր կղզում:

Հիմա չի քննարկվում Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարման թեման, ասում է եւս մեկ բարձրաստիճան աղբյուր, քանի որ կա «բավականին նուրբ աշխարհաքաղաքական նրբերանգ»: Վերջին տարիներին Х-35 տեսակի ինքնակարգավորվող հրթիռի գլխիկն արդիականցվել է ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք այնքան էլ չէինք ցանկանա, որ այս զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ»,- ամփոփել է նա:

Նշենք, որ նման աշխատանք է կատարվել նաեւ «Օնիկս» ինքնակարգավորվող թեւավոր հրթիռի գլխիկի դեպքում, որը մտնում է «Բաստիոն» հրթիռային մոտորանավերի բրիգադի կազմի մեջ. 2016 թվականի նոյեմբերին զինվորականներն այն առաջին անգամ կիրառել են  Սիրիայում ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու համար՝ ոչնչացնելով արմատական իսլամականների արդյունաբերական օբյեկտները:

«Բալ»-ի մատակարարումների մերժումը չպետք է հանգեցնի Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների սառնության: Դեռեւս սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղղակիորեն հայտարարել էր, որ «ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում համագործակցությունը մեծ ավանդույթներ ունի», «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացված պայմանագրերը անցնում են 5 մլրդ դոլարից» եւ «աճի միտում ունեն», եզրափակում է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ