Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

«Սասուն Միքայելյանն ինձ զանգահարել է, ես իրեն ասել եմ, որ դա քո խնդիրն է: Սասուն Միքայելյանն այդ հարցի պատասխանը չէր կարող տալ, որովհետև եթե ճիշտ պատասխան տար, պիտի ասեր, որ «ես եմ, ես եմ ճողոպրել Օմարից», այնպես, ինչպես երեկ Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց ինձանից», - ասաց Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանը դիմեց Հրազդանի ու հարակից գյուղերի բնակիչներին՝ կոչ անելով միահամուռ քվեարկել ՀՀԿ-ի օգտին. «Քանի դեռ Սասուն Միքայելյանն այդտեղ ընդհանրապես ճորտատիրական իրավունքներ չի հաստատել»:

Դիտարկմանը, որ իր խոսքից եզրակացրել էին, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Այո: Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել: Ինչ-որ մարդիկ նրան հետ են համոզել, այդ մասին ինձ ասել է նաև անձամբ Վազգեն Սարգսյանը»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Սասուն Միքայելյանը երկու անգամ ՀՀԿ է մտել, դուրս եկել:

Հիշեցնենք,  որ երեկ Դավիթ Շահնազարյանն ասել էր, որ Սասուն Միքայելյանն այն հրամանատարներից մեկն էր, ովքեր ազատամարտի տարիներին զիջեցին Օմարի բարձունքները, ինչից հետո Վազգեն Սարգսյանը նույնիսկ ցանկանում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին։

Ի պատասխան Սասուն Միքայելյանը նշել էր, որ Օմարի բարձունքները գրավվել են մինչև իր՝ այնտեղ հասնելը։