News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԵՏՄ-ին անդամակցությունը մեր կառավարության գործունեության առաջնահերթ ուղղությունն է: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«ԵՏՄ երկրների հետ առեւտրա-տնտեսական համագործակցությունը դառնում է կարեւորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի եւ ներկայիս առեւտրային ներուժի վրա: Այսպես՝ ԵՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018 թվականի առաջին 10 ամիսներին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 15 տոկոս: ԵՏՄ երկրներ արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան 22 տոկոսով, այն դեպքում, որ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը մեծացել է 11,7 տոկոսով: Ավելանում է նաեւ ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում:

Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլեւ մեր միության ներսում գործող ազատ առեւտրի գործիքների արդյունավետության մասին:

Հայաստանը շահագրգռված է ԵՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման եւ համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» եւ սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը եւ դրա զարգացման հիմնական ուղղությունները:

Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը եւ մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ եւ անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ:

Հարգելի գործընկերներ, Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է եւ հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, եւ մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ:

Հայաստանը հատկապես կարեւորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» եւ ազատ առեւտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաեւ այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առեւտրային գործընկերներն են:

Հայաստանը պատրաստ է արդյունավետ հարթակ դառնալ Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաեւ պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:

Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի եւ Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, եւ շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը:

Հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, ըստ էության, ազդում են մեր հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար:

Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման եւ տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ։

Վերջում ես կցանկանայի անդրադառնալ Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածության հարցին: Առաջնորդվելով մեր գործընկերային փոխհարաբերությունների եւ մեր միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով՝ մենք չենք պնդում անհապաղ քննարկել այդ հարցը եւ համապատասխան որոշում կայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ