News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ:

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից NEWS.am–ին հայտնում են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Լեհաստանի` դարավոր բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա խարսխված համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ՝ այդ գործընթացում կարեւորելով նաեւ Լեհաստանի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Եվրոպական միության գործընկերության շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաեւ կարեւոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ Արեւելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ առիթ է գնահատելու այս ձեւաչափով արձանագրված ձեռքբերումները եւ նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ներկայացրել է ժողովրդի լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ընդգծելով վստահելի եւ ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացման առաջնահերթությունը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանի կառավարության գերակայություններից է զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության եւ նորարարության ոլորտները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ