News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին, որը մահացել էր նոյեմբերի 30-ին, հինգշաբթի երեկոյան հուղարկավորել են Տեխասում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների 41-րդ նախագահը կննջի Բուշի գրադարանի տարածքում»,- Twitter-ում գրել է Բուշերի ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մաքգրաթը:

Քոլեջ Սթեյշն քաղաքում ԱՄՆ 41-րդ նախագահի աճյունը զինվորական պատվով հողին է հանձնվել Տեխասի գյուղատնտեսական եւ մեքենաշինական համալսարանին առընթեր նրա անունը կրող նախագահական գրադարանի տարածքում: Փակ արարողությանը մասնակցել են հանգուցյալի ազգականները, ներառյալ նրա ավագ որդի, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, հոգեւորականներ եւ պատվո պահակի վաշտը՝ զինվորական նվագախմբի նվագակցությամբ:

Բուշը կննջի իր կնոջ՝ Բարբարայի կողքին, որը մահացել էր այս տարվա ապրիլին, եւ նրանց դստեր՝ Ռոբինի, որը 1953 թվականին 3 տարեկանում մահացել էր լեյկեմիայից:

Նախկին նախագահի աճյունը Հյուսթոնից Քոլեջ Սթեյշն է տեղափոխվել հատուկ գնացքով: Մինչ այդ Բուշին հրաժեշտ են տվել Վաշինգթոնում՝ դագաղը տեղադրվել էր Կապիտոլիումի ռոտոնդայում, որտեղ նրան հրաժեշտ են տվել հազարավոր ամերիկացիներ, հոգեհանգիստը տեղի է ունեցել մայր տաճարում:

Ջորջ Բուշ ավագը 95 տարեկանում մահացել է նոյեմբերի 30-ին Հյուսթոնում: Նա պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1989–1993 թվականներին: Բուշի վարած միջազգային քաղաքականությունը նշանավորվել է Պանամայում, Ֆիլիպիններում եւ Պարսից ծոցում անցկացված ռազմական գործողություններով: Բուշ ավագը զբաղեցրել է նաեւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության 11-րդ տնօրենի (1976-1977 թվականներ) եւ ԱՄՆ 43-րդ փոխնախագահի (1981-1989 թվականներ) պաշտոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ