News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Մենք գոնե մարդկանց հնարավորություն ենք տվել իրենց մտերիմներին քրիստոնեաբար հուղարկավորել: Ասում է բրիտանացի փրկարար Ռեջի Բերին՝ նայելով հայկական Սպիտակի վերեւում գտնվող գերեզմանատան տապանաքարերին: Նա իր ընկեր հրշեջների հետ 30 տարի առաջ ժամանեց այստեղ մարդկանց փրկելու համար: Սակայն նրանց բաժին ընկան միայն դիերը: Մեծ թվով դիեր, հայտնում է BBC-ն:

Սպիտակից վերեւ բլրի վրա գտնվող գերեզմանատանը իրար հերթագայում են տապանաքարերը, ընտանիքները՝ մահվան միեւնույն օրով՝ 1988 թվականի դեկտեմբերի 7: Այն օրը, երբ տեղի ունեցավ երկրաշարժը: Տապանաքարերից շատերի տակ ննջում են նրանք, ում փլվածքներում գտել է Ռեջի Բերին:
1988 թվականի դեկտեմբերին արեւմտյան երկրներից օգնության սուրացին փրկարարների խմբերը: Նրանց թվում էին նաեւ անգլիական Լանքաշիր կոմսության 23 հրշեջները:

Այս ջոկատի անդամներից երկուսը՝ հրամանատար Փոլ Բյորնսը եւ հրշեջ Ռեջի (Ռեջինալդ) Բերին 30 տարի անց կրկին Սպիտակ են եկել:

«Մենք, իհարկե, գնում էինք, որ մարդկանց փրկենք: Բայց երբ տեղ հասանք, պարզ դարձավ,- ե՛ւ երկրաշարժի հզորության ուժի հետեւանքով, ե՛ւ ճանապարհին ուշանալու պատճառով,- որ մեր փրկարարական գործողությունը վերափոխվում է դիերի որոնման գործողության»,- ասում է Բերին:

Սպիտակում սարսափելի ցուրտ էր, եւ բրիտանացիները հրաշալի հասկանում էին, որ եթե անգամ փլվածքների տակ ողջ մարդիկ մնացել էին, ապա առանց ջերմության եւ ջրի 5 օր ողջ մնալու նրանց շանսերը չափազանց փոքր էին:

«Բայց հույսը վերջինն է մեռնում: Դեպքեր են եղել, որ մարդկանց փլվածքների տակից հանել են նաեւ 24 օր հետո…Այս պատճառով դու, միեւնույն է, հույս ունես, եւ քո մարդկանց  ուղարկում ես նորից, նորից ու նորից՝ հուսալով, որ այնուամենայնիվ որեւէ մեկին ողջ կգտնես»,- ասում է Փոլ Բյորնսը, որը մինչ այդ՝ 1980 թվականին աշխատել էր Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի գոտում:

«Մենք հուսալքված էինք եւ ընկճված,- խոստովանում է Բերին: - Այո, ինչ-որ հույս կար, բայց… Չէ՞ որ ճիշտ է, որ ոչ մեկը չի երազել դիեր հանել»:
Բայց ստիպված էին հենց դրանով էլ զբաղվել:

«Կանգ ես առնում հետ նայելու եւ տեսնում ես փլվածքների ծովը, իսկ դրանց արանքներում ողջ մնացածների փոքրիկ խմբեր: Մարդիկ սեղմվում են խարույկների շուրջը, որ վառել են պատուհանների շրջանակներով եւ նման այլ բաներով, թափառում են ակներեւորեն շոկի մատնված,- հիշում է Բյորնսը: - Եվ այս մարդիկ մշտապես մոտենում էին ինձ իրենց մտերիմների լուսանկարներով, ցույց էին տալիս, թե նրանք որտեղ կարող էին լինել»:Բրիտանացիները հատկապես հիշում են այն, թե ինչ արժանապատվությամբ էին իրենց դրսեւորում սպիտակցիներից շատերը, որոնց հարազատներին հանում էին փլատակների տակից:

Մի վայրում առաջին ցնցման ժամանակ մարդիկ բանկի առաջ հերթ էին կանգնած եւ շենքը ընկել էր անմիջապես նրանց վրա: Բրիտանացիները իրար հետեւից հանում էին հերթում կանգնածներին եւ դագաղների մեջ դնում: Փլատակների վրա կանգնած նրանց աշխատանքին հետեւում էր մի աղջիկ:

«Մենք ավարտեցինք գիշերվա 2-ին կամ երեքին: Նա մոտեցավ ինձ եւ հարցրեց՝ չեն կարող արդյոք  իմ հրշեջները նրա համար բացել դագաղները, որովհետեւ նա փնտրում էր մորը , - հիշում է Բյորնսը: Եվ երրորդ թե չորրորդ դագաղում նա գտավ մորը: Նա այնտեղ պառկած էր իր պայուսակով՝ տարեց կին, այնպիսին, ինչպիսին ամբողջ աշխարհում բանկի հերթերում կանգնած կանայք են: Եվ այդ աղջիկը հերթով գրկեց իմ բոլոր հրշեջներին, նա շնորհակալություն հայտնեց բոլորին, նա ուժ գտավ դրա համար»:

Մի կին ամբողջ օրը նստած էր փլատակների մոտ մինչեւ անգլիացիները փորում էին դրանք: Նրա երեխային այդպես էլ չգտան: Նա միեւնույն է հրշեջներն երկու բանկա կոմպոտ նվիրեց եւ ասաց. «Սա այն ամենն է, ինչ ես ունեմ: Շնորհակալ եմ, որ փորձեցիք ինձ օգնել».

«Նա մսագործ էր,-հիշում է Փոլը: Այսինքն, հետո պարզվեց, որ մսագործ է: Նրա հարազատները հավաքվել էին շուրջբոլորը: Ինձ հավաստիացրել էին, որ ցանկացած գնով ուզում են ստանալ նրա դիակը»:

«Ես սա կհիշեմ մինչեւ այն օրը, երբ ինձ համար ամեն ինչ կավարտվի,-հիշում է Ռեջին: Մարդու վրա ծանր բետոնե գերան էր ընկել: Այն ընկել էր ոտքերի վրա: Գլխի վերեւի մասը չկար: Եվ մենք ոչ մի կերպ չէինք կարողանում մարմինն ամբողջությամբ հանել: Հարազատներն ուզում էին մարմինը ստանալ: Եվ մենք որոշեցինք…պարզ ասե՞մ: Ես բահով կիսեցի այն: Մենք հանեցինք մարմինը՝ ձեռքերով եւ գլխի կեսով, դրեցինք դագաղի մեջ…Նրա հարազատները շատ երախտապարտ էին: Նրանք պարզապես ուզում էին նրան քրիստոնեական ձեւով թաղել: Նրանք սեղմում էին ձեռքս, նրանք շնորհակալություն էին հայտնում ինձ, ինձ, ով հենց նոր նրանց հորը կամ պապին բահով կտրել էր»:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից 19 րոպե առաջ, սարսափելի ստորգետնյա ցնցումը ոչնչացրեց Սպիտակ քաղաքը եւ ավերեց Հայաստանի հյուսիսային քաղաքների հազարավոր շենքերը: Երկրաշաժից ավելի քան 25 հազար մարդ էր մահացել Սպիտակում, Կիրովականում (այժմ Վանաձոր), Լենինականում (այժմ Գյումրի), Ստեփանավանում եւ տարածաշրջանի այլ քաղաքներում եւ գյուղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից. Սպասման տարիներ՝ մինչեւ բնակարան ստանալը (ֆոտո)
Չնայած ցրտին, չեմ համարձակվում ջեռուցումը միացնել…
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից. Ժամանակավոր տնակներում բնակվողները (ֆոտո)
Մարդիկ հենց այսպես էլ ապրում են՝ խոնավության, ցրտի, նեղվածքի պայմաններում: Հետեւանքն էլ հոդերի հիվանդություններն են, բրոնխիտը, ասթման…
Ես սգում եմ հայ ժողովրդի հետ Սպիտակում սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ.Սոսո Պավլիաշվիլի
Հիշում եմ ինչպես երեկ, անգամ Թբիլիսին էր ցնցվում...
Կանզասում դեկտեմբերի 7-ը հայտարարվել է Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր․ նահանգապետի հռչակագիրը
Մենք հիշում ենք այս ողբերգությունը, որպես իրադարձություն, որը փոխեց այն բոլոր մարդկանց կյանքերը, որոնց վրա այն անդրադարձավ․․․
Բուշի հուզիչ քայլը․ դեսպան Վիլսոնի հիշողությունները 88-ի երկրաշարժից
Մենք լուր ստացանք, որ ընտրված նախագահ Բուշը ցանկանում է իր որդուն և թոռնիկին` Ջեբին և Ջորջին, ուղարկել Հայաստան․․․
Լոռիի մարզում 1037 ընտանիքներ ժամանակավոր տնակներում են բնակվում
Ժամանակավոր տնակներում բնակվողները տարբեր կարգավիճակներ ունեն…
Partner news