News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում տների տարածքները եւ մանկական խաղահրապարակները վարակված են թունավոր ծանր մետաղներով: Այս մասին են վկայում «Հայաստանի Լոռիի շրջանում ծանր մետաղները լեռնային արդյունաբերության եւ մետաղագործական գործունեության շրջակայքում» հետազոտության արդյունքները, որի շնորհանդեսը դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Երեւանում «Լոռիի մարզի արդյունաբերական աղտոտումը» համաժողովի ժամանակ:

Զեկույցը կազմվել է որպես «Հայաստանի լեռնային արդյունաբերությանը վերաբերող որոշումների ընդունմանը քաղաքացիական հասարակության ներգրավվածության» նախագծի մի մաս:

Հետազոտության մեջ նշված է, որ լեռնահանքային արդյունահանման եւ մետաղագործական ձեռնարկությունները Լոռիի մարզի շրջակա միջավայրն աղտոտում են վտանգավոր քիմիական նյութերով, հիմնականում պղինձով, որի պարունակությունը գերազանցում է իրավական եւ հիգիենիկ նորմերը: Շրջակա միջավայրն աղտոտող օբյեկտները տեղակայված են քաղաքային շրջանների կա՛մ մերձակայքում, կա՛մ անմիջապես դրանցում:

Պրահայի քիմիա-տեխնոլոգիական համալսարանի փորձագետները նախազգուշացնում են, որ Դեբեդ գետի ջրի նմուշներում պարունակվում է թունավոր մետաղների բարձր մակարդակ, որոնք կարող են վնաս հասցնել գետի ափերին գտնվող գյուղացիների տնտեսություններին: Գետի նստվածքում հայտնաբերված պղնձի մակարդակը ցույց է տալիս, որ պղնձի խտությունը կտրուկ մեծանում է արդյունաբերական տեղամասերից վերցված նմուշներում եւ անգամ 100 անգամ գերազանցում է ֆոնային մակարդակը:

Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, Թեղուտի պղնձամելիբդենային հանքավայրը ու պոչամբարը, ինչպես նաեւ Ախթալայի մերձակայքում գտնվող մի շարք այլ պոչամբարներ շրջակա միջավայրում պղնձի, ցինկի, մոլիբդենի, կապարի եւ մկնդեղի հայտնվելու պատճառն են:

«Պղնձի մակարդակի անսպասելի բարձրացումը վկայում է տեղական լեռնահանքային արդյունահանման կամ մետաղագործական ձեռնարկությունների անմիջական ազդեցության հետեւանքով ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտվածության մասին»,- շնորհանդեսի ժամանակ ասաց հետազոտության համահեղինակ Մարեկ Շիրը:

Մարդու առողջության վրա պոտենցիալ վտանգավոր ազդեցության վերաբերյալ աղտոտվածության տեղաբաշխման մոնիթորինգի համար անցկացվել է հողի, տեղումների, մանկական խաղահրապարակների ավազի, մարդկային մազերի եւ հավի ձվերի նմուշների համալիր ընտրություն: Հետազոտությունները ցույց են տվել, որ ընտրված խաղահրապարակներից կեսում առկա է ծանր մետաղներով աղտոտվածության զգալի մակարդակ: Պղնձի բարձր խտություն է հայտնաբերվել մարդկանց մազերի մի քանի նմուշներում, որոնք բնակվում են եկեղեցիների մերձակայքում, որոնք մտած են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ալավերդիում հայտնաբերված երկօքսիդների մակարդակը անցնում է եվրոպական եւ հայկական ստանդարտներից, որոշ դեպքերում՝ ավելի քան 5 անգամ: Ձվի նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ արդյունաբերական աղտոտվածությունն ազդում է սննդային շղթայի վրա: Անգամ ձվի գործածման միջին մակարդակը կարող է բերել մարդու համար կիրառելի երկօքսիդի օրական չափաբաժնի մեծացման, որը հաստատել է Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA)»,- նշում է չեխական «Արնիկա» հասարակական կազմակերպության թունավոր նյութերի հարցերով փորձագետ Ժիտկա Ստրակովան:

«Հայ բնապահպանները նշում են, որ տեղի բնակիչներն անհամբերությամբ էին սպասում անցկացված հետազոտության արդյունքներին: Վերջապես, մենք ունենք գիտական ծանրակշիռ տվյալներ, որոնք հաստատում են, որ արդյունաբերությունը մարդկանց առողջությունը վնասում է, քանի որ մարդիկ անբավարար են պաշտպանված ինչպես օրենքով, այնպես էլ իշխանության մարմինների կողմից: Պատասխանատու մարմինները պետք է օպերատիվ եւ համարժեք միջոցներ ձեռնարկեն»,- նշում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ղեկավար Ելենա Մանվելյանը:

«Այսուհանդերձ, շատ դժվար է լուծում գտնել, քանի որ Ալավերդու եւ Թեղուտի ձեռնարկությունները վերջերս փակվել են: Ռուսական ВТБ բանկը սեպտեմբեր-հեկտեմբերին «Անշարժ գույք պարտքի դիմաց» գործընթաց է գործարկել «Վալեքս» խմբի երկու ընկերությունների՝ Թեղուտ ՓԲԸ-ի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի դեմ»,- նշում է «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Նախագիծն իրականացվել է «Arnika» ՀԿ-ի (Պրահա, Չեխիա) թունավոր նյութերի եւ թափոնների ծրագրով, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» եւ «ԷկոԼուր» ՀԿ-ների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ