Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դիտարկած Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հրապարակել է իր նախնական եզրակացությունները․ տեքստը ներկայացնում եքն ամբողջությամբ․
«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով: Չնայած կարճ ժամկետների՝ ընտրությունները լավ էին կազմակերպված: Ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ, որի բոլոր փուլերը դրական են գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից, ովքեր նաև նշել են ընթացակարգերի հետ ընդհանուր համապատասխանության մասին:
Ընտրություններն անցկացվել են 2018թ. ապրիլին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերից հետո, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից և տեղի է ունեցել իշխանափոխություն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսին նոր կառավարության ձևավորմամբ: Նոր կառավարության կողմից ներկայացվել է փոփոխությունների նախագիծ ընտրական համակարգում զգալի փոփոխություններ կատարելու և այն բացարձակ համամասնականով փոխարինելու նպատակով, որը, սակայն, ընտրությունների օրվա նշանակումից երեք օր առաջ չէր ստացել խորհրդարանում պահանջվող երեք-հինգերորդ մեծամասնության ձայները:
Ընտրությունները համապարփակ ձևով կարգավորվում են Սահմանադրությամբ և 2016թ. ընտրական օրենսգրքով: 2018թ. մայիսին արված վերջին փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակ, ում արգելվում է քարոզարշավ իրականացնել, վերացվել են լրատվամիջոցների դիտորդների նկատմամբ սահմանափակումները և խստացվել են ընտրախախտումների համար սահմանվող պատժամիջոցներն ու տույժերը՝ համաձայն ԺՀՄԻԳի և Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականների: Սահմանվել է քրեական պատասխանատվություն անհատներին քարոզարշավին մասնակցել հարկադրելու և ընտրակաշառքին նպաստելուհամար: Ցանկալի է, որ հաշվի առնվեն ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի Խորհրդի դեռևս անտեսված հանձնարարականները, այդ թվում՝ քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումներին, ընտրական բողոքներ ներկայացնելու իրավունքի սահմանափակումներին, թեկնածուների քաղաքացիության հետ կապված պահանջներին և դաշինքների խորհրդարան անցնելու համար սահմանված շեմին վերաբերող հանձնարարականները: Չնայած կարճ ժամկետներին՝ Կենտրոնական ընտրական հանձաժողովն (ԿԸՀ) ընդհանուր առմամբ իր աշխատանքը կատարել է թափանցիկ կերպով և մասնագիտորեն, և պահպանել բոլոր օրենքով նախատեսված ժամկետները: Ընտրությունների նախապատրաստական շրջանում ԿԸՀ-ն և Տարածքային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) վայելել են ընտրական գործընթացի շահառուների վստահությունը և անցկացրել բաց նիստեր: ԿԸՀ-ն իրականացրացրել է ընտրողների ուսուցման համապարփակ արշավ ընտրություններին նրանց մասնակցությունը խրախուսելու, քվեարկության ընթացակարգերը բացատրելու և ընտրակաշառքի մասին նախազգուշացնելու նպատակով: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) ձևավորվել և նրանց անդամները վերապատրաստվել են սահմանված ժամկետներում: Ընդհանուր առմամբ վերապատրաստումները գնահատվել են դրական:
Վերջնական ընտրացուցակները ներառել են է ընդհանուր թվով 2,573,779 ընտրող՝ ներառյալ մեծ թվով արտասահմանում բնակվող քաղաքացիներ: ԸՄԴԱ զրուցակիցների մեծ մասն ընդհանուր առմամբ վստահություն է հայտնել ընտրացուցակների ճշգրտության վերաբերյալ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակական ջանքեր է գործադրել ընտրողների տվյալները թարմացնելու ուղղությամբ: Դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձինք իրավունք չունեն քվեարկելու՝ չնայած հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների բոլոր անհիմն սահմանափակումները վերացնելու վերաբերյալ միջազգային չափանիշների:
Ընտրությունների օրը ընտրողների ինքնությունը հաստատվել է ընտրողների գրանցման տեխնիկական սարքերի (ԸԳՍ) միջոցով, որոնցում առկա են ընտրացուցակների էլեկտրոնային պատճենները: Ընտրողի ինքնությունը հաստատող փաստաթղթերը սքանավորվել են ԸԳՍ միջոցով ընտրատեղամասում ընտրողների գրանցված լինելու փաստը ստուգելու և բազմակի քվեարկության դեպքերը կանխելու համար: Որպես այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի կանխման կարևոր միջոց, և չնայած տվյալների գաղտնիության վերաբերյալ մտահոգություններին՝ ԿԸՀ-ն պարտավոր է սքանավորել և առցանց հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակները, որոնք պարունակում են քվեարկությանը մասնակցած ընտրողների անձնական տվյալներ և ստորագրությունները:
Ներառական գործընթացի շրջանակներում ԿԸՀ-ն գրանցել է դիմում ներկայացրած բոլոր ինը քաղաքական կուսակցությունների և կուսակցությունների երկու դաշինքների ընտրացուցակները: Օրենքը նախատեսում է չորս մանդատ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրի համար, և այս ընտրություններում երեք կուսակցություն և մեկ դաշինք առաջադրել են փոքրամասնության թեկնածուներ: Մեկից ավել քաղաքացիություն ունեցող անձանց` ընտրություններին մասնակցելու հետ կապված առկա սահմանափակումները հակասում են ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
Մրցակիցները կարողացել են ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավները. քարոզարշավի ընթացքում լիովին պահպանվել են միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտվելու և տեղաշարժի հիմնարար ազատությունները: Պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը եղել է շատ կարճ, սակայն քարոզչությունը սկսել է ավելի վաղ՝ ինչն արգելված չէ օրենքով: Քարոզարշավի ժամանակ սոցիալական ցանցերում նկատվել է որոշ մրցակիցների միջև ապատեղեկատվության տարածում, ինչպես նաև սադրիչ մտքերի փոխանակում: Վարչական ռեսուրսի չարաշահումը և պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումների գործադրումը կանխելու համար իշխանությունները իրազեկել են տեղական պաշտոնյաներին, դպրոցի տնօրեններին, առողջապահության ոլորտի աշխատակիցներին և այլ անձանց համապատասխան արգելքների մասին: ԸՄԴԱ շատ զրուցակիցներ մատնանշել են իշխանությունների, մրցակիցների և հենց ընտրողների մոտ առկա քաղաքական կամքը՝ թույլ չտալու ձայների առք ու վաճառքի կիրառում: Դրական է այն, որ ընտրական շահառուների կողմից չեն եղել հաղորդումներ ընտրակաշառքի և ընտրական այլ խախտումների համակարգային փորձերի մասին: Որոշ ԸՄԴԱ զրուցակիցներ այնուամենայնիվ պնդումներ են ներկայացրել առ այն, որ մի շարք քարոզարշավներում աշխատող անձանց և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) դիտորդների հետ կարճաժամկետ պայմանագրեր կնքնվել են՝ հիմնականում մեկ մրցակցի կողմից, ենթադրաբար վերջիններիս ձայները գնելու նպատակով:
Թեկնածուների բոլոր ընտրացուցակներն ապահովել են 25 տոկոս գենդերային քվոտայի պահանջը և ընդհանուր թվով 1,444 թեկնածուների 32 տոկոսը կազմել են կանայք: Այս քվոտան, այնուամենայնիվ, չի երաշխավորում խորհրդարանում կանանց նույն ներկայացվածությունը, մասնավորապես քանի որ մանդատների կեսը բաշխված է ըստ վարկանշային քվեների: Կուսակցությունները հազվադեպ են ընդգրկել կին թեկնածուներին իրենց քարոզարշավներում. կանայք հատուկենտ դեպքերում են անցկացրել ինքնուրույն քարոզարշավներ և դիտարկված հանրահավաքներում հազվադեպ են հանդես եկել ելույթներով: Որոշ կին թեկնածուներ դարձել են նվաստացուցիչ հռետորաբանության թիրախ՝ իրենց սեռային պատկանելության պատճառով:
Նախընտրական հիմնադրամներ մուծումներ կարող են կատարվել ընտրողների, թեկնածուների և քաղաքական կուսակցությունների կողմից, և դրանք չպետք է գերազանցեն մուծումների և ծախսերի համար նախատեսված սահմանաչափը: Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ ստացված մուծումների և կատարված ծախսերի մասին հաշվետվությունների նկատմամբ պահանջները երկիմաստ են: Բացի այդ, որոշ թեկնածուներ հաստատել են ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ իրենք ուղղակիորեն ֆինանսավորել են իրենց քարոզարշավները` ինչը հանդիսանում է պաշտոնական նախընտրական հիմնադրամի շրջանցում և հակասում է օրենքին: Չնայած ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականներին՝ կազմակերպչական այպիսի ծախսերը, ինչպիսիք են գրասենյակային տարածքի, հաղորդակցության, փոխադրամիջոցների և անձնակազմի հետ կապված ծախսերը չեն համարվում ընտրական ծախսեր, և, հետևաբար կարող են չզեկուցվել՝ խաթարելով քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկությունը:
Լրատվական դաշտը բազմազան է, և Սահմանադրությամբ երաշխավորված արտահայտման ազատությունը պահպանվել է: Հեռուստատեսությունը համարվում է քաղաքական տեղեկատվության առաջնային աղբյուր, իսկ առցանց լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ունեն զգալի կիրառում: ԺՀՄԻԳ ԸԴԱ կողմից կատարված լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց տվեց, որ հեռարձակողները զգալի ջանքեր են գործադրել ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին լուսաբանելու համար՝ նպաստելով տեղեկացված ընտրության կատարման համար ընտրողներին հասանելի տեղեկատվության բազմազանությանը: Մասնավոր շատ լրատվամիջոցներ թվում են քաղաքական կուսակցությունների հետ խիստ փոխկապակցված, և դրանցից որոշները ակներև նախապատվություն են դրսևորում: Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է ողջամտորեն հավասարակշռված լուսաբանում: Դրական է այն փաստը, որ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ հանրային հեռուստաընկերությունը, կազմակերպել են իրական բանավեճեր՝ ներառելով բոլոր մրցակից ուժերի թեկնածուներին:
Չնայած դիմումների ներկայացման և բողոքարկման համակարգի հասանելիության վերաբերյալ մտահոգություններ չեն հնչել, մինչև ընտրության օրը սահմանափակ թվով բողոքներ են ներկայացվել ընտրական վարչարարության մարմիններ և դատարաններ: Չնայած ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականներին և միջազգային լավ պրակտիկային՝ ընտրական գործընթացի հետ կապված բողոքներ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը հիմնականում սահմանափակվում է կուսակցությունների վստահված անձանցով և հանձնաժողովների անդամներով: Բողոքների ներկայացման համար հիմնականում սահմանված են խելամիտ ժամկետներ:
Ըստ օրենքի ընտրատեղամասերում դիտարկումներ կարող են անել միջազգային և ՔՀԿ դիտորդները, լրատվամիջոցները, ինչպես նաև մրցակիցների վստահված անձինք: ԿԸՀ-ն գրանցել է ընդհանուր թվով 17,813 ՔՀԿ դիտորդ՝ 22 կազմակերպություններից: Չնայած կայացած և փորձառու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից գործադրվել են ջանքեր այս ընտրությունները դիտարկելու ուղղությամբ՝ ԸՄԴԱ մի շարք զրուցակիցներ հնչեցրել են մտահոգություններ քաղաքական կուսակցությունների հետ որոշ հավատարմագրված ՔՀԿ դիտորդների ուղղակի կապի՝ այդ թվում պայմանագրային հարաբերությունների մասին, որը կարող է կասկածի տակ դնել նրանց անկողմնակալությունը: Ընտրատեղամասերում ՔԿՀ դիտորդների հարաբերական փոքր թվով ներկայությունը՝ համեմատած հավատարմագրված դիտորդների թվի հետ, խոսում է ընտրությունների օրվա գործընթացները դիտարկելու նրանց իրական մտադրության կամ հետաքրքրության պակասի մասին:
Ընտրությունների օրն անցել է հանգիստ, խախաղ, առանց ընտրողների հանդեպ ճնշումների և ահաբեկումների, և դրական է գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից: ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտարկումներում ընտրատեղամասերի բացումը ստացել է դրական գնահատական, ընտրատեղամասերն ընդհանուր առմամբ բացվել են ճիշտ ժամանակին: Քվեարկությունը դրական է գնահատվել 99 տոկոս դիտարկումներում՝ ԸԸՀների կողմից ընթացակարգերի պահպանման անդրադարձով: Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված բոլոր ընտրատեղամասերում բացի երկուսից: Նշվում է, որ ձայների հաշվարկն իրականացվել է առանց էական ընթացակարգային խախտումների: Աղյուսակավորման ընթացքը դրական է գնահատվել գրեթե բոլոր ՏԸՀ-ներում՝ չնայած մի քանի կազմակերպչական թերությունների»:





























