Արդեն մի քանի օր է, ինչ NEWS.am-ի խմբագրություն զանգահարած բազմաթիվ քաղաքացիներ անհանգստություն են հայտնում, որ հանրապետության դեղատներում շաքարային դիաբետի դեպքում օգտագործվող ինսուլին դեղամիջոց չկա։
Պարզելու համար՝ ներկրվո՞ւմ է արդյոք Հայաստան տվյալ դեղամիջոցը, թե՞ այս առումով ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, զրուցեցինք Հայաստան ինսուլին ներկրող «Նատալի Ֆարմ» ընկերության դեղագործներից մեկի հետ։
Նա նշեց, որ դեղատներում ինսուլին չլինելու մասին լուրերը հավաստի չեն։ Հարցին, թե երբ է ներմուծվել դեղամիջոցի վերջին խմբաքանակը, ընկերության ներկայացուցիչն ասաց. «Չեմ կարող եւ պարտավոր էլ չեմ Ձեզ նման բան ասել։ Մենք Ձեզ անորոշ պատասխան ենք տալիս»։
Մեր աղբյուրները, հակառակը, պնդեցին, որ հայաստանցիներին ծանոթ, մինչ այժմ կիրառության մեջ գտնվող ինսուլինի տարատեսակ մեր հանրապետություն չի ներկրվում։ «Դեղամիջոցի գրանցման ժամկետների ավարտի եւ վերագրանցման գործընթացը չթարմացնելու խնդրով պայմանավորված՝ Հայաստանում այժմ ինսուլինի շատ մեծ դեֆիցիտ է, փոխարենը «Նատալի Ֆարմը» Հայաստան ներկրել եւ դեղատներ տարվա առաջին եռամսյակի համար առաքել է ինսուլինի մեկ այլ տարատեսակ՝ «Լանտուս» անվամբ։ Սա մեզ՝ հայերիս անծանոթ միջոց է՝ նոր ասեղներով, ներակիչներով եւ այլն»,- նշեց մեր աղբյուրը՝ հավելելով, սակայն, որ տարբերությունը միայն նոր դեղամիջոցի կիրառման ձեւի մեջ է, իսկ գնային առումով «Լանտուսը» սովորական ինսուլինին չի գերազանցում։
Նշենք, որ գոյություն ունեն ինսուլին բազմաթիվ տարատեսակներ։ «Լանտուսը» եւս, որ արտադրվում է Գերմանիայում, ունի իր մի շարք տեսակները։




























