News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն այլեւս պատմություն են: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը փաստացի ամրագրվեց նաեւ դե յուրե՝ հեղափոխությունն այլեւս ամբողջացրեց իշխանությունը: Մի քանի օր դեռեւս ընկղմված կլինենք ձայների հաշվարկի, ռեյտինգային թեկնածուների ստացած քվեների, խորհրդարանում հայտնվող-չհայտնվողների մասին տեղեկատվությամբ:

Սակայն արդեն Ամանորից հետո, երբ նոր ԱԺ-ն կսկսի լիարժեք գործել, միաժամանակ կազմված կլինի նոր կառավարությունը, կունենանք հեղափոխության՝ իշխանության ամբողջացման վերջնական պատկերը: Ինչու ենք ասում իշխանության ամբողջացման, որովհետեւ միայն սրանով չի ավարտվում հեղափոխությունը, ավարտվում է միայն իշխանության ստանձնման պրոցեսը: Մեծ հաշվով հեղափոխությունը նոր է սկսվում՝ իր տնտեսական, մշակութային, ընդհանրապես համակարգային խորքային անելիքները հաշվի առնելով:

Հենց այս կոնտեքստում առավել կարեւոր է ոչ թե այն հարցը, թե ովքեր կլինեն իշխող թիմի պատգամավորները ԱԺ-ում, ով կդառնա ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար, ովքեր կգլխավորեն հանձնաժողովները, այլ թե ովքեր կլինեն նոր կառավարությունում: Հիմա, երբ իշխանության երկու հիմնական թեւերում իշխող թիմը ունի լիակատար գործողությունների ազատություն, առանցքային է հասկանալ, թե կադրերի ինչ վերաբաշխում կարվի:

Հասկանալի է, որ հեղափոխական արդյունավետ փոփոխությունների հիմնական բեռը ընկած է լինելու հենց գործադիր իշխանության ու վարչապետ Փաշինյանի վրա: Այդպիսին է քաղաքական համակարգը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Նախ խորհրդարանն ինքնին թե՛ պատմական իներցիայով, թե՛ պահի օրինաչափությունները հաշվի առնելով, այժմ չունի այնպիսի դերակատարություն, որպեսզի դառնա փոփոխությունների լոկոմոտիվ: Երկրորդ՝ հասարակության հիմնական սպասելիքները հենց Փաշինյանից ու նրա կառավարությունից են լինելու, հետո նոր խորհրդարանից:

Ռեյտինգային ընտրակարգն այս իմաստով ստեղծում է որոշակի արհեստական բարդություններ, արհեստական մրցակցություն թիմի ներսում: Պարզ է, որ մի դեպքում այդ ընտրակարգով շատ ձայներ հավաքած որեւէ թեկնածու կարող է ավելի արդյունավետ լինել ԱԺ-ում, եւ ընդհակառակը՝ անարդյունավետ գործադիրում:

Հետեւաբար, հույս ունենք, որ ռեյտինգային ընտրակարգով ձայների համամասնությունը չի դառնա ներիշխանական սակարկումների առարկա, ու կադրերի վերաբաշխումը ԱԺ-ի եւ կառավարության միջեւ կարվի ոչ թե ձայների համեմատությամբ, այլ ըստ կոմպետենտության:

Այս իմաստով, ընդհանրապես, կենսական է, որ կառավարությունը՝ որպես փոփոխությունների հիմնական առանցք, չդառնա սակարկումների թիրախ: Չի բացառվում, որ թե՛ իշխանության թիմում, թե՛ այդ թիմից դուրս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, օրինակ, չեն մասնակցել ընտրությունների, կամ մասնակցել, բայց ստացել են քիչ ձայներ, սակայն ռեֆորմների իրականացման գործում ունեն փորձ կամ գիտելիքներ:

Ի վերջո, եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ:

Փաշինյանը նախքան ընտրությունները մի քանի անգամ ակնարկել է պրոֆեսիոնալների կառավարության մասին: Ենթադրվում է, որ քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչներ կգործուղվեն Ազգային ժողով, ու կառավարությունում շանս կլինի ներգրավել պրոֆեսիոնալ թիմ, կամ արդեն սեփական թիմից ապահովել առավել պրոֆեսիոնալների առաջխաղացումը:

Այնպես որ, ինչքան էլ ԱԺ ընտրությունների, թեկնածուների, պատգամավոր դարձող-չդարձողների շուրջ ինտրիգը լինի գրավիչ, չպետք է կորցնել իրական թիրախները եւ պետք է սեւեռվել կառավարության կաբինետի աշխատանքի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ