Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 11–ին, 3 մարդու կյանք խլած հրդեհը բռնկվել է երկրաշարժից տուժածների համար կառուցված Աշոտաբերդ թաղամասում։
Այստեղ արդեն 30 տարի է՝ փայտաշեն տներում ապրում է 296 ընտանիք։ 1988թ.–ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հենց այս անօթեւան ընտանիքներին տեղավորելու համար պետությունն այս թաղամասը հիմնեց։ Այն ժամանակ որոշվել էր, որ սա ժամանակավոր ապաստան է, մինչեւ որ մարդկանց կապահովեն հիմնական բնակարաններով։ 3 տասնամյակ է անցել, բայց մարդիկ դեռ այս փայտաշեն բնակարաններում են։
«Համայնքը պարբերաբար վերանորոգել է այդ թաղամասը, դրանք իրոք փայտաշեն են ու այսպես ասած, իրենց օգտագործման ժամկետներն անցել են։ Մենք պարբերաբար դիմել ենք Կառավարությանը, կդիմենք նոր Կառավարությանն էլ, որ քարաշեն բնակարաններ կառուցվեն։ Մեր համայնքը հնարավորություն չունի այդ 296 ընտանիքին տեղափոխի այլ տեղ»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի փոխքաղաքապետ Ռոստոմ Քոչարյանը։
Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վահանուշ Հակոբյանի եւ 59-ամյա Անուշ Բալասանյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հ.-ին եւ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը եւ հատակը (մոտ 10 քմ):