News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար եւ բարերար «Anna Kara  loans»  ընկերության  եւ համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara  loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:

Արդեն 9 տարի է հիմնադրամն օգնում է Վանաձորի մանկատան շրջանավարտներին՝ հոգում նրանց կացության, մասնագիտություն ձեռք բերելու եւ աշխատանք գտնելու հարցերում:

«Թավշյա հեղափոխությունից հետո մեծ ոգեւորություն եմ ապրում եւ մտադիր եմ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերն ընդլայնել, ընկերներիս հետ միասին ներդրումներ անել, կառուցել հատուկ կենտրոն, որը կլինի օթեւան մանկատունն ավարտած երեխաների համար: Այդ օթեւանում նրանք ձեռք կբերեն կյանքի հմտություններ, պահանջված մասնագիտություններ եւ կօգնեն տեղավորվել աշխատանքի»,-հանդիպման ընթացքում ասել է Աննա Կարան՝ հավելելով, որ թե´ ինքը, թե´ իր բիզնես գործընկերներն ու բազմաթիվ ամերիկահայեր մտադիր են աջակցել եւ սերտորեն համագործակցել «Իմ Քայլը» հիմնադրամի հետ:

Աննա Հակոբյանն էլ վստահեցրել է, որ մանկատան սաների համար օթեւան կառուցելու հարցում ինքն ու հիմնադրամը պատրաստ են աջակցել եւ ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: «Շատ կարեւոր է որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում, եւ ներկա դրությամբ հիմնադրամն աշխատում է այդ ուղղությամբ եւ պատրաստ է համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,-ասել է Աննա Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ