News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինչով է հղի երկրի խորհրդարանում ուժեղ ընդդիմության բացակայությունը, ինչի կարող է դա հանգեցնել եւ ինչպես ԱԺ ընտրությունների արդյունքները կարող են ազդեցություն ունենալ Արցախի խնդրի կարգավորման վրա: Այս հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է հասարակական գործիչ, նորաստեղծ «Ազգային օրակարգ» հիմնադրամի խորհրդի համանախագահ Ավետիք Չալաբյանի հետ:

Պարոն Չալաբյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ ԱԺ ընտրություններում աննախադեպ ցածր մասնակցություն գրանցվեց, երբ տեղամասեր եկավ ընտրողների 50 տոկոսից պակասը:

Իրականում, ընտրություններին ցածր մասնակցությունը պայմանավորված էր մի քանի գործոններով՝ առաջինը, երկրում գրանցված ընտրողների մոտ մեկ քարրորդը մշտապես ապրում է երկրից դուրս, եւ ֆիզիկապես չի կարող ներկա գտնվել ընտրություններին, թեեւ ինչ որ քանակությամբ մեր քաղաքացիներ հատուկ ժամանել էին հանրապետություն՝ ընտրելու համար։

Երկրորդը, նախորդ խորհրդարանական ընտրություններին ակնհայտորեն մեծ էր ընտրակաշառքի դերը, որը ընտրատեղամաս էր բերել հասարակության մի հատված, որը այլապես երբեք չի մասնակցի ընտրությունների, քանի որ համարում է, որ իր ձայնից ոչ մի բան կախված չի։

Երրորդը, քաղաքացիների մի հատված, որը կուզենար ընտրել իրական ընդիմության, այս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեջ այդպիսին չտեսավ, եւ հրաժարվեց մասնակցությունից։ Եվ վերջապես, թերեւս դեր է խաղացել, որ իշխանամետ ընտրողների մի ոչ մեծ հատված էլ համարել է, որ ընտրությունների ելքը բոլոր դեպքում կանխորոշված է, եւ կարելի է առանձնապես նեղություն չկրել՝ ընտրատեղամաս գնալու։ Այս ամենի արդյունքում, այս ընտրություններին մասնակցեցին մոտ 315 հազարով պակաս ընտրող, քան մեկ եւ կես տարի առաջ, եւ դա, իհարկե, այդքան էլ ոգեւորիչ արդյունք չի։

Քվեարկության արդյունքներից ակնհայտ է դառնում, որ ԱԺ-ում չի լինելու ընդդիմություն: Ինչո՞վ է դա հղի եւ ինչ քաղաքական հետեւանքների կարող է բերել:

Այո, այս ընտրությունների առավել հիասթափեցնող արդյունքը Ազգային ժողովում իրական ընդիմության բացակայությունն է, քանի որ իշխանությունը ընտրվել է բացարձակ գերակշռությամբ, իսկ Ազգային ժողով անցած մյուս երկու ուժերը նրա կրտսեր դաշնակիցներն են, եւ արդեն մի քանի անգամ իրենց հավատարմությունն են հայտնել իշխող ուժին։

Սա մեր պատմության մեջ աննախադեպ երեւույթ է, քանի որ մինչ այդ, թեեւ փոքր կազմով, բայց Ազգային ժողովում ներկայացված է եղել իրական ընդդիմություն, եւ դա իշխանության համար զսպող գործոն է հանդիսացել։ Այսօր այդ զսպող գործոնը մնացել է Ազգային ժողովից դուրս, սակայն ներկայացնում է ակտիվ ընտրողների առնվազն մոտ 15%-ը, իսկ գուցե եւ ավելին։ Քաղաքական հակասությունները սրվելուն զուգահեռ, այս գործոնը սկսելու է ակտիվանալ։

Պետք է հաշվի առնել, որ իշխանությանը ընտրած ընտրողների զգալի մասն էլ այն ընտրել է զգալիորեն չափազանցված ակնկալիքներով, եւ առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում, եթե այդ ակնկալիքները չբավարարվեն, սկսելու է եւս տեղաշարժվել ընդդիմադիր դաշտ։ Սա ծնելու է իրական ընդդիմության կարիք, եւ արդյունքում բնակչության եւ Ազգային ժողովի առկա կազմի միջեւ զգալի խզում՝ օրինակ, ինչպիսին մենք ականատես եղանք այս տարվա սկզբին, հեղափոխության օրերին, երբ գործող Ազգային ժողովը այլեւս չէր ներկայացնում հասարակության իրական քաղաքական պատկերը։

Թե ինչպես է այդ հակասությունը հաղթահարվելու, առայժմ դժվար է ասել՝ կամ ԱԺ ներսում կսկսի վերադասավորում տեղի ունենալ, կամ քաղաքական պայքարը դուրս կգա փողոց՝ պերմանենտ անկայունության տեսքով (ինչպես եւս եղել է նախկինում), կամ էլ կարիք կլինի ցրել Ազգային ժողովը, եւ հրավիրել նոր ընտրություններ։

Խորհրդարանի նման կազմը, որտեղ փաստացի չկա ուժեղ ընդդիմություն, ինչպե՞ս կարող է ազդել Արցախի խնդրի կարգավորման վրա՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի որոշ հայտարարություններ մի շարք փորձագետների մոտ մտահոգություններ են առաջացնում:

Իմ կարծիքով, սա այս իրավիճակի ամենալուրջ վտանգներից մեկն է։ Այս ԱԺ կազմը հայտնի է արցախյան կարգավորման հարցում իր «փափուկ» դիրքորոշումներով, սա մեծ հավանականությամբ կբերի նրան, որ մեր վրա արտաքին ճնշումները կմեծանան, եւ դրանց դիմագրավելու բավարար քաղաքական ռեսուրս մենք ԱԺ ներսում չենք ունենա։ Հայաստանին, ներկա իրավիճակում, արցախյան կարգավորումը այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներով» ձեռնտու չի, քանի որ այն բերելու է այս պահին դեռեւս մեզնից զգալիորեն ուժեղ Ադրբեջանի կողմից պարտադրվող պայմանները ընդունելուն։

Իրականում սակայն, ժամանակը մեր օգտին է աշխատում, եւ մեզ պետք է մի քանի տարի՝ հետեւողականորեն առողջացնելու տնտեսությունը, կայունացնելու մեր արտաքին հարաբերությունների խարխլված համակարգը, եւ արդիականացնելու բանակը, այդ դեպքում մենք կտրուկ կսահմանափակենք Ադրբեջանի կողմից ուժային ցանկացած լուծման հնարավորությունը, եւ կսկսենք ինքներս բանակցային օրակարգ թելադրել։ Այս պահին սակայն, մեծ է հավանականությունը, որ իշխանությունը եւ ԱԺ-ում նրան աջակցող քաղաքական ուժերը կշտապեն օր առաջ «խաղաղության մեծ պայմանագիր» ստորագրել, դրանով իսկ վտանգի տակ դնելով Արցախի ապագան, եւ մեր երկրի երկարաժամկետ անվտանգությունը՝ ես դրա տարբեր նշաներ արդեն տեսնում եմ, եւ դա ինձ լրջորեն անհանգստացնում է։ Հույս ունեմ սակայն, որ հենց այդպիսի իրավիճակում արտախորհրդարանական ընդիմությունը կարող է կտրուկ ակտիվանալ, եւ ձախողել մեր համար անբարենպաստ կարգավորման սցենարի իրականացումը, դա մեր պատմության մեջ արդեն տեղի է ունեցել։

Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի շուրջ վերջին զարգացումները, այդ թվում Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը: Կարո՞ղ է Բաքուն Հայաստանում ընտրություններից հետո դիմել ռազմական արկածախնդրության:

Իմ կարծիքով, Ադրբեջանը համբերատար եւ հետեւողականորեն սպասել է Հայաստանում ընտրության արդյունքներին, որովհետեւ այն այնքան չի ցանկանում գնալ ռազմական արկածախնդրության, որքան օգտագործել դրա սպառնալիքը՝ իր համար նպաստավոր բանակցային օրակարգ պարտադրելու համար։  Դրա նշանները արդեն տեսանելի են, հիշենք Մամեդյարով-Մնացականյան-եռանախագահներ վերջին հանդիպման հայտարարությունը, որը հստակորեն քայլ էր այդ ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը տեսնի, որ Հայաստանը հրաժարվում է իր կողմից պարտադրվող բանակցային օրակարգից, այն կարող է գնալ նոր ռազմական արկածախնդրության, ինչպես դա տեղի ունեցավ 2016 ապրիլին համանման պայմաններում, սակայն դա դժվար թե արագ տեղի ունենա, բոլոր դեպքերում բանակցությունները իներցիոն պրոցես են, եւ եռանախագահ երկրներն էլ, հաշվի առնելով նաեւ փոխադարձ հարաբերություններում առկա լուրջ հակասությունները, այսօր ռազմական կոնֆլիկտի նոր օջախ չէին ուզենա տեսնել։ Ուստի ես ավելի շուտ կանխատեսում են բանակցային գործընթացի ակտիվացում, եւ կուզենայի, որ Հայաստանը կարողանար վարպետորեն օգտագործել այն՝ Ադրբեջանի կողմից պարտադրվող օրակարգը աստիճանաբար չեզոքացնելու, միաժամանակ Ադրբեջանի կողմից ուժային լուծման գնալու հնարավորությունները դիվանագիտական միջոցներով նվազեցնելու համար, ես դրա միջոցները եւս տեսնում եմ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ