News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Կոռւպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակել է հայտարարություն եւ մի քանի կետով նշել կառավարման համակարգի եւ կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությունները․ ըստ կենտրոնի, ընտրողների սպասումները արդարացնելու համար՝ կարեւոր է, որ նոր խորհրդարանն ու կառավարությունը անմիջապես ձեռնամուխ լինեն այդ բարեփոխումներին։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003թ․-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2018թ․-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանում համընկավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա հետ, և խորհրդանշական է, որ հենց այդ օրը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հնարավորություն ունեցավ ազատորեն արտահայտելու իր կամքը և, արդյունքում, նաև ցույց տվեց իր վերաբերմունքը կոռուպցիայի մեջ ներգրավված կուսակցությունների նկատմամբ: Ինչպես ցույց է տվել ԱՄՆ «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute – IRI) ոչ կառավարական հետազոտական կազմակերպության կողմից Հայաստանում ս.թ. հոկտեմբերի 9-29-ն անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրությունը, հարցվածների ճնշող մեծամասնությունը (82%) դրական է գնահատել իշխանափոխությունը[1]: Նույն չափի տոկոսն էլ նշել է, որ իշխանափոխության արդյունքում  բարելավվել է կոռուպցիայի դեմ պայքարը[2]: Բացի քաղաքացիների գոհունակությունը ամրագրելուց, այս թվերը նշանակում են, որ քաղաքացիների մեծամասնությունն ունի լրջագույն ակնկալիքներ, ինչը պետք է պարտավորեցնի նորընտիր խորհրդարանին և կառավարությանը գործադրել բոլոր ջանքերը դրանք բավարարելու համար։ Ակնհայտ է, որքան մեծ է հասարակության հավատը և շատ են ակնկալիքները, նույնքան փոքր է լինելու կառավարության ձախողումների նկատմամբ քաղաքացիների հանդուրժողականությունը: Քաղաքացիների հավատը նոր իշխանությունների նկատմամբ և ակնկալիքներն ամրագրվել են նաև դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: Կարևոր է, որ նոր խորհրդարանն ու նորանշանակ կառավարությունն անմիջապես ձեռնամուխ լինեն բարեփոխումներին՝ արդարացնելու քաղաքացիների կատարած ընտրությունն ու բավարարելու նրանց սպասումները: Որպես առաջնահերթ քայլ անհրաժեշտ ենք համարում հետևյալը.

Կառավարման/ընտրական համակարգ Նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի նպատակը պետք է լինի իշխանության ճյուղերի իրավասությունների հավասարակշռումը, խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ձևավորումը։ Առաջնահերթության կարգով Մոտակա -3 տարիների ընթացքում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ լուծելու 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ պարտադրված, հապշտապ և կեղծված հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության արդյունքում ծագած խնդիրները: Սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն առավելագույնս թափանցիկ, բաց և մասնակցային գործընթացներով: Ձեռնարկել ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նոր օրենքի մշակման գործընթաց՝ կոնկրետ ու հրապարակային ժամանակացույցով և շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավմամբ։ Այս սահմանադրական օրենքներով պետք է երաշխավորվեն մատչելի և թափանցիկ ընտրական գործընթացները, կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը, կուսակցությունների գործունեության ու ծախսերի թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը:

Լավ կառավարում Կառավարության ձևավորման և քաղաքական պաշտոններին նշանակելու որոշումներն ընդունել հրապարակային և հանրության համար հասկանալի չափանիշների հիման վրա: Նախատեսել պաշտոնյաների կատարողականի գնահատման ընդհանուր սկզբունքներ՝ երաշխավորելու նրանց պատասխանատվությունը, ապահովելու հաստատությունների աշխատելաոճերի ընդհանրությունը, կանխարգելելու տարերային ու հայեցողական վարքագիծը, ինչպես նաև աջակցելու կատարողականի գնահատմանը: Սկզբունքների շրջանակը պետք է ներառի գործունեության թափանցիկությունը, հանրության հետ երկխոսությունը, համագործակցությունը մասնագիտացված հասարակական կառույցների և փորձագետների հետ, արտաքին կապերը և հաշվետվողականության մեխանիզմները: Կարևոր է, որ Կառավարությունը պարբերաբար իրականացնի իր անդամների գործունեության և ոլորտային ծրագրերիարդյունավետության մոնիտորինգ ու գնահատում։ Պետական համակարգի ուռճացվածության խնդիրը լուծելու և արդյունավետությունը խթանելու նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող կառուցվածքային փոփոխությունները պետք է իրականացվեն պատշաճ հիմնավորման և թափանցիկության ապահովման պայմաններում: Բարեփոխումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով դրանք պետք է զուգակցվեն սոցիալական ու կրթական փաթեթներով՝ հնարավորություն տալով կրճատման ենթակա աշխատողներին շարունակելու իրենց կայացման գործընթացը նոր պայմաններում։

Կոռուպցիայի դեմ պայքար Իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականության մեջ ներկայումս գերակայող իրավապահ/պատժիչ բաղադրիչի հետ զուգահեռ ակտիվացնել կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատումը, հակակոռուպցիոն կրթությունը, ոլորտային շահերի բախման կանխարգելումը և մոնիտորինգը: Հստակեցնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելը՝ հիմնվելով ոչ միայն միջազգային փորձի խորը և բազմակողմանի ուսումնասիրության, այլ նաև դրա խելամիտ տեղայնացման վրա` հաշվի առնելով առկա հակակոռուպցիոն հաստատությունների փորձառությունը, ինչպես նաև վերը նշված քաղաքական, տնտեսական, սոցիալական և վարչական բարեփոխումներից բխող պահանջները: Ստեղծել մեկ միասնական մասնագիտացված իրավապահ մարմին: Ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված են բոլոր իրավապահ մարմիններն անխտիր՝ տարբեր գործառույթներով, սակայն նրանցից և ոչ մեկը չունի լիազորությունների այնպիսի ծավալ, որը ներառեր նախաքննական և օպերատիվ հետախուզական գործառույթներ, ունենար բավարար մասնագիտական կարողություններ և լիներ ներկայացված Հայաստանի բոլոր տարածքներում` իրականացնելու լիարժեք և պատշաճ իրավակիրարկում։ Մշակել վերը նշած բարեփոխումների օրակարգերին և ճանապարհային քարտեզներին համահունչ և դրանք լրացնող հակակոռուպցիոն քաղաքականություն: Հետհեղափոխական իրականության մեջ, ներկայում հստակորեն դրսևորված քաղաքական կամքի պարագայում, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համընդհանուր՝ բոլոր հաստատությունների մակարդակով, և ոչ թե նախկինի նման կցկտուր: Սա ենթադրում է հիմքերի ստեղծում՝ ապահովելու կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի բոլոր կառույցների՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների ներգրավումը: Մշակել և իրականացնել անցումային արդարադատության քաղաքականություն, որի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրել նախկին կառավարության օրոք տարածված կոռուպցիոն դրսևորումներն ու անպատժելիության սխեմաները, ամրագրել դրանց գնահատականը և մշակել առաջարկություններ անօրինական ճանապարհով ձեռքբերված ակտիվները վերադարձնելու, քաղաքական կոռուպցիայի դրսևորումներն ապագայում կանխարգելելու և կոռուպցիայի զոհերի նկատմամբ արդարությունը վերականգնելու ուղղությամբ»:

[1] https://www.iri.org/sites/default/files/2018.11.23_armenia_poll.pdf, էջ 4 

[2] Նույն տեղում, էջ 30

Տպել
Ամենաշատ