Ընդդիմություն դառնալը տեղի չի ունենում որեւէ մեկի ցանկությամբ, քանի որ դա քաղաքական-իրավական կատեգորիա է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով՝ եթե Ազգային ժողով են անցել որոշակի թվով քաղաքական ուժեր, ապա նրանց մի մասը դառնում է իշխանություն, մյուս մասը՝ ընդդիմություն:
Եթե «Իմ քայլը» մյուս խորհրդարանական ուժերի հետ չպայմանավորվի կոալիցիա ձեւավորելու շուրջ, ապա «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» ընդդիմություն կդառնան՝ «դա ցանկանան, թե ոչ»: Սա կախված չէ այն հանգամանքից՝ նրանք առավոտից գիշեր կգովաբանեն գործող իշխանությանը, թե ոչ, նրանք հանդես կգան ողջամիտ առաջարկներով, թե ոչ: Սա նշանակություն չունի: Ցանկացած դեպքում նրանք ընդդիմություն կլինեն»,- հայտարարեց Աղազարյանը:
Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է հնարավորությունը, որ ընդդիմություն կձեւավորվի անմիջապես բուն «Իմ քայլը»դաշինքից, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր նրա անդամներից Հրաչյա Հակոբյանը, Աղազարյանը պատասխանեց, որ եթե «Իմ քայլը» դաշինքից որեւէ մեկն անհամաձայնություն հայտնի ղեկավարության քաղաքական կուրսին, ապա նա պետք է խմբակցությունը լքի եւ անկախ պատգամավոր դառնա: «Նույնիսկ եթե հեռանան հինգը, վեցը, տասը, եւ անգամ 20 մարդ, նրանք չեն կարողանա առանձին խմբակցություն ստեղծել եւ կդառնան անկախ պատգամավորներ»,- պարզաբանեց Աղազարյանը: