News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգի կենտրոնում հրաձգության զոհերի թիվը հասել է 3-ի, 12 մարդ վիրավորվել է, հայտնում է BBC News-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհվածի եւ 11 վիրավորի մասին:

Հրաձիգի անձը անվտանգության ծառայություններին հայտնի է: Ոստիկանությունը զբաղված է նրա որոնումներով:

Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, կենտրոնական հրապարակներից մեկում՝ Պլաս Կլեբերում տեղակայված ծննդյան տոնավաճառի մերձակայքում:

Հակաահաբեկչության դատախազությունում տեղի ունեցածի փաստով քննություն է ընթանում:

Վիրավորներից վեցի վիճակը ծանր է, մնացյալ վեց տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները հաստատել է 3 մարդու մահվան փաստը եւ հայտարարել սահմաններին հսկողության ուժեղացման մասին: Նրա խոսքով՝  հրաձիգի որոնումներով զբաղվում են անվտանգության ծառայության 350 աշխատակիցներ:

Նա նաեւ նշել է, որ ծննդյան բոլոր տոնավաճառներում անվտանգության միջոցառումները կուժեղացվեն:

Ոստիկանությունից հայտնել են, որ 29-ամյա կասկածյալը ծնվել է Ստրասբուրգում եւ անվտանգության ծառայություններին հայտնի էր որպես անձ, որը հավանական ահաբեկչական սպառնալիք է ներկայացնում:

BFM TV-ն հայտնում է, որ տղամարդը նախօրեին առավոտյան Նյուդորֆ թաղամասում գտնվող իր բնակարանից փախել է: Ավելի վաղ նրա բնակարանում խուզարկություն էր կատարվել կողոպուտի հետ կապված: Խուզարկության ժամանակ նռնակներ էին հայտնաբերել:

Թաղամասի բնակիչներին կոչ են արել տանից դուրս չգալ չհաստատված տեղեկությունների պատճառով այն մասին, որ ոստիկանները հենց այդ շրջանում են հայտնվել հրաձիգի հետքի վրա:

Մերձակայքում գտնվող Եվրախորհրդարանի շենքը անվտանգության նկատառումներով շրջափակվել է: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Թաջանին թվիթերյան իր էջում կոչ է արել «թույլ չտալ իրենց վախեցնել ահաբեկչական կամ հանցավոր հարձակումներով»:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Ստրասբուրգի կենտրոնում անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել: SkyNews-ը հայտնում էր, որ զինվորների եւ հրաձիգի միջեւ փոխհրաձգություն է սկսվել: Նա վիրավորվել է, սակայն հասցրել է վիրավորել նաեւ զինված զինվորի նրանց թվից, ովքեր Ֆրանսիայում տեղակայված են  2015 թվականին Փարիզում ահաբեկչությունից հետո ստեղծված «Պահապան» գործողության շրջանակում այն շրջանների պաշտպանության համար, որոնք կարող են ահաբեկչության թիրախ դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ