Ստրասբուրգի կենտրոնում կրակոցներ արձակած տղամարդը կարողացել է հանցագործության վայրից փախչել առեւանգված տաքսիով, հայտնում է France Info-ն:
Քննիչների տեղեկություններով՝ միջադեպից հետո զինված տղամարդը տաքսի է կանգնեցրել եւ քաղաքի պատմական հատվածից հեռացել: Տաքսիստը չի տուժել եւ ոստիկաններին ցուցմունքներ է տալիս: Նրա խոսքով՝ հրաձիգն իսկապես վիրավոր էր: Նրա գտնվելու վայրն անհայտ է:
Հրաձգության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել:
Վերջին տեղեկություններով՝ վիրավորներից 8-ի վիճակը ծանր է:
Հրաձիգին որոնում են մոտ 600 ոստիկաններ ու ժանդարմներ: Երկրի ՆԳ նախարարությունը սկսել է արտակարգ միջոցներ մտցնել ահաբեկչության դեմ պայքարի համար:
Ֆրանսիայի ՆԳՆ տեղեկություններով՝ հրաձիգի անձը հաստատվել է: Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ խոսքը մի մարդու մասին է, որը Ֆրանսիայում եւ Գերմանիայում մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների համար եւ արդեն կրել էր իր բանտային պատժաժամկետները: