News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում որոշում կայացրեց 11,6 մլն դրամ տրամադրել dasaran.am կայքին, որն ուղղվելու է դպրոցներում աբոնեմենտային ծրագիրն իրականացնելուն:

Այս ծրագրով ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրումը:

Հարցը ներկայացրեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ կայքում ստեղծվել է հարթակ, որտեղ աշակերտները կարողանալու են գրանցվել, հետո նախապես ամրագրելով այցելել թատրոններ, համերգասրահներ: «Սրանով նախ կարողանալու ենք պատշաճ կերպով կազմակերպել այդ պրոցեսը եւ հստակ հասկանալու ենք, թե որտեղ են աշակերտները այցելում, որտեղ է ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, իրենք ամրագրելու են իրենց տեղերը եւ սրանով խուսափելու ենք կուտակումներից: Տարվա սկզբին արդեն կլինի այդ հարթակը:

Այս պահի դրությամբ արդեն աշակերտներն այցելում են պատկերասրահներ ու թանգարաններ, նրանց աբոնեմենտներ են բաժանվել: Ավելի քան 350 հազար աշակերտ ստացել է այդ կտրոնները: Այս ծրագրի շրջանակներում տարեկան թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ այցելությունները տարվա կտրվածքով կավելանան 1 մլն-ով»,-հայտարարեց նախարարի պաշտոնակատարը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Սրանով յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետբյուջեի աջակցությամբ պետք է այցելի թատրոն, թանգարան եւ համերգասրահ: Դրա համար հատկացրել ենք 400 մլն դրամ, ինչը նշանակում է, որ 400 մլն դրամով ֆինանսավորում ենք մշակույթը»:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ այդ համակարգի կիրառումից հետո որոշ թանգարանների մոտ հերթեր են գոյանում, հատկապես այն թանգարաններում, որոնք ունեն կրթական ծրագրեր: Նա նշեց, որ հանձնարարել է, որ զբոսավարի համար լրացուցիչ գումար չգանձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ