News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չարենցավանի N 3 հիմնական դպրոցի՝ ավելի քան մեկ ամիս ձգձգվող հարցը դեռ չի հանգուցալուծվում: Դպրոցում շարունակվում է  անորոշ վիճակը: Երեկ՝ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցից հետո մեծ թվով ծնողներ իրենց երեխաներին այլ դպրոցներ տեղափոխելու դիմումներ են գրել: Նրանք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ դասադուլն արդեն անիմաստ է, ուստի երեխաներին դպրոցից կհանեն:

Աշակերտներից շատերն ի նշան բողոքի, պատերից պատռել են իրենց նկարները, ձեռքի աշխատանքները, խոնարհել դպրոցի դրոշը:

Ազատման դիմումներ են գրել շուրջ մեկ տասնյակ ուսուցիչներ:

Այսօր, NEWS.am-ի այցելության պահին դպրոցում գույքի հանձնում-ընդունում էր տեղի ունենում: Արդեն նոր տնօրեն Աննա Բալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան ուսուցիչների հետ խոսել են, եկել համաձայնության, որ վաղվանից դասապրոցեսը պիտի վերականգնվի.

«Ամեն ինչ կարծես հանդարտվում է, մենք առավոտյան խոսել ենք ուսուցիչների հետ, նաև ներկա են եղել դիմում գրած ուսուցիչները: Մեծ ջանք  ու աշխատանք պիտի տանենք ծնողների հետ, փորձենք հասկանալ ու աշխատել միմյանց հետ: Ոչ մի հիշեցում, ոչ մի վրեժխնդրություն, բնականաբար, չի լինելու ոչ մեկիս կողմից»,- նշեց Բալյանը:

Դպրոցի մեթոդմիավորման նախագահ Ասյա Երիցյանն էլ հայտնեց, որ իրենց կողմից ամեն ինչ արվելու է  դպրոցի բնականոն ընթացքն ապահովելու համար.

«Ես Էլ էի դասադուլի մասնակցում, բայց հիմա ամեն ինչ պետք է անենք, որ դպրոցի աշխատանքները վերականգնենք: Ես ինքս 11  ուսուցիչների երաշխավորն են  հանդիսացել: Շատերը մտավախություն ունեն, որ հիշեցումներ կլինեն, թե դու այս կողմում ես եղել կամ այն, մտավախություններ կան, որ երեխաների գնահատականների վրա ազդեցություն կլինի կամ վատ վերաբերմունք, և ես վերցրի այդ երաշխավորությունն ինձ վրա, որ եթե նման բան լինի, մենք նույն րոպեին կլքենք դպրոցը՝ առանց այլ բաների մասին մտածելու: Արդեն մենք մեր քայլը կատարել ենք: Այսօր պիտի խոսենք ծնողների հետ, փորձենք համաձայնության գալ, բայց որոշողն իրենք են: Ու այս ամենը մեր նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանի խնդրանքով»,-նշեց Երիցյանը:

Դրսում հավաքված ծնողներն էլ NEWS.am-ին հայտնեցին, որ չեն պատրաստվում փոխզիջման գնալ ու երեխաներին հանում են դպրոցից: Ոմանք նշեցին, որ ժողովին չեն մասնակցի, որովհետև ոչինչ չի փոխվի: Ծնողներից Հասմիկ Ղազարյանն էլ նշեց, որ խնդիրն արդեն այնքան է խորացել, որ անձնական տիրույթ է անցել.

«Մենք չենք ուզում այս դպրոցում սովորեն մեր երեխաները մի շարք պատճառներով: Առաջինը մեր հին տնօրենին ենք ուզում: Երկրորդ՝ այս ընթացքում անուշադրությունից ու արհամարհանքից շատ ենք հոգնել: Այս ընթացքում նոր տնօրենի կողմից վիրավորանքներ ենք լսել սոցցանցերի տիրույթում: Նա բալորին անվանում էր ծախվածներ, ոչխարներ, հետո ջնջել էր էջը: Մենք նաև չենք կարող հանդուժել, որ դպրոցի ներսում գտնվող ուսուցիչներն ինչպես էին վերաբերվում այս կողմ կանգնած ծնողներին; Նրանք մեզ համարում էին բոշաներ: Նաև այն հանգամանքը, որ մեր դպրոցում խստություն էր ու կաշառակերություն ընդհանրապես չկար, դա քի՞չ է ոտքի կանգնելու համար: Ինչ ուզում է  լինի, մենք կհանենք մեր երեխաներին դպրոցից»,-պատմեցին ծնողները:

Այսօր ավելի ուշ նախատեսված էր ծնողների և տնօրենի հանդիպումը՝ քննարկելու երեխաների կրթության իրավունքի վերականգնման հարցը:

Հիշեցնենք, որ 20 օրից ավելի է Չարենցավանի 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու ծնողները դասադուլ են արել՝ ի պաշտպանություն նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանի: Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը կարծես թե ոչինչ չփոխեց:

Տպել
Ամենաշատ