News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ընդամենը մի քանի օրից 6-րդ գումարման Ազգային ժողովը դե յուրե կդադարեցնի իր լիազորությունները եւ էստաֆետը կհանձնի 7-րդ գումարման Ազգային ժողովին. որպես ԱԺ նախագահի տեղակալ վերջին անգամ եմ դիմում ձեզ այս աշխատանսենյակից: Այս մասին Facebook-ի իր էջի ուղեղ եթերում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա մասնավորապես ասել է.

«Ուզում եմ ասել, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը, իսկ վերջին 7 տարիներին նաեւ ԱԺ փոխնախագահի պաշտոնը ինձ համար չի եղել լոկ իրավունք: Այն նախեւառաջ եղել է պատասխանատվություն, իսկ եթե կուզեք՝ առաքելություն:

Ուզում եմ իմանաք, որ մեծագույն երջանկություն է եղել ծառայել Հայաստանին ու Արցախին: Մեծագույն երջանկություն է  եղել ամեն ժամ պայքարել արցախահայության իրավունքների, Հայաստանի շահերի պաշտպանության եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Կրկնակի ոգեւորությամբ եմ աշխատել եւ այդ աշխատանքն ու պայքարը տվել է իր արդյունքը: Իսկ եթե անկեղծ ասենք, արդյունք իրոք դրական է եղել:

Տոկիոյից մինչեւ Մոսկվա, Աթենքից մինչեւ Բուենոս Այրես, չի եղել մի հարթակ, որտեղ չբարձրաձայնեմ արցախահայության իրավունքների, Արցախի անկախության ճանաչման, ընդդեմ թուրքական ժխտողականության եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:

Մեծ հպարտությամբ պետք է նշեմ, որ թե որպես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, թե որպես ԱՊՀ ԽՎ-ում ընդգրկված պատգամավոր, ամեն ինչ արել եմ, որ այդ հարթակներում թե Հայաստանի, թե Արցախի շահը պատշաճ ձեւով պաշտպանվի: Չի եղել որեւէ գործուղում, որտեղ ես չխոսեմ մեր համահայկական խնդիրներից:

Գերմանիայում, Չեխիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցել եմ իմ համեստ ներդրումը: Իսկ Կիպրոսը, որը ճանաչեց միաձայն օրենք ընդդեմ թուրքական ժխտողականության: Անհամեստորեն պետք է ասեմ, որ դա նախեւառաջ իմ նախաձեռնությունն է եղել:

Ես շնորհակալ եմ իմ կիպրացի եւ հայ բոլոր գործընկերներին, որոնք հետագայում նպաստեցին դրան:

Ես խորհրդարանի ներսում լինելով քաղաքական ուժի նվիրյալ ներկայացուցիչ, այնուամենայնիվ, առաջնորդվել եմ «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով, երբեք չեմ դարձել կուսակցամոլ: Փորձել եմ սուր կետերը հղկել, անել ամեն ինչ, որ քաղաքական բանավեճը չվերածվի անձնական ատելության: Այսօր էլ գտնում եմ, որ Հայաստանի ապագան ազգային, ժողովրդավարական, քրիստորենական արժեքների վրա կանգնած քաղաքական գործիչները պետք է լինեն:

Ես մնում եմ քաղաքականության մեջ, մնում եմ ՀՀԿ-ում եւ շարունակելու եմ իմ պայքարը, որը «հանուն» է, ոչ թե «ընդդեմ»:

Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված եւ հայրենիք:

Իսկ եթե եղել են թերություններ, հայցում եմ ձեր ներողամտությունը: Ես սիրում եմ իմ երկիրը, անելու եմ ամեն ինչ, որ իմ երկրում չլինի ատելություն, չլինի սեւ ու սպիտակի բաժանում, Արցախը լինի անկախ, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչումն էլ լինի արդեն իրատեսական:

Կհանդիպենք արդեն արտախորհրդարանական պայքարի խաչմերուկներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ