News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արշալույս համայնքում ստուգումների արդյունքներն ուղարկվել են ոստիկանություն ուսումնասիրության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

«Օրինապահ մարմիններն այժմ զբաղվում են այդ ստուգումներով եւ հետագայում պարզ կլինեն՝ չարաշահումներ կբացահայտվեն, թե՝ ոչ։ Մենք որեւէ իրավասություն չունենք խառնվելու, սպասում ենք  արդյունքների»,–ասաց մարզպետը՝ նշելով, որ ստուգումներում խախտումներ հայտնաբերվել են։

Մարզպետի խոսքով՝ երբ կլինեն համայնքի մեծամասնության ստորագրությունները, որոնք կպահանջեն Արշալույսի համայնքապետի հրաժարականը, այդ ժամանակ կառավարությունը կքննարկի համայնքապետի հրաժարականի հարցը։

«Ներկա պահին մարզպետարանում չունենք որեւէ փաստաթուղթ, որով կպահանջեին այդ հրաժարականը։ Վարչապետի հորդորով՝ մենք հիմա սպասում ենք նման պահանջով ստորագրությունների, հետո կքննարկենք հարցը»,– ասաց նա։

Նշենք, որ մայիսից Արշալույսի բնակիչները պահանջում էին Արշալույսի համայնքապետի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։ Արշալույսի համայնքապետարանում ստուգումներ են անցկացվել եւ Զարզանդ Գրիգորյանը մինչեւ այժմ շարունակում է պաշտոնավարել։

Տպել
Ամենաշատ