ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը բնական եւ նորմալ է համարում Արցախի ուժային կառույցներում վերջին օրերի կադրային փոփոխություները: Այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վանեցյանն ասաց, որ Զինված ուժերում ինչպես նաեւ մյուս ուժային կառույցներում մշտապես լինում են տեղաշարժեր:
«Բնական եմ համարում որեւէ արտառոց բան չեմ տեսնում, Արցախի ՊՆ-ն իր անցած ուղիով, իր անցած ճանապարհով շատ մեծ գործ է արել Արցախի կայացման հարցում, դրական եմ գնահատում իր աշխատանքը նշված պաշտոնում, բայց չեմ կարծում, որ այդ փոփոխությունը պետք է դիտարկել որպես արտառոց»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Արցախի ՊԲ հրամանատար նշանակված Կարեն Աբրահամյանը երկար տարիներ աշխատել է Լեւոն Մնացականյանի հետ և ամբողջությամբ տիրապետում է ՊԲ-ի բոլոր հմտություններին:
«Եթե ինչ-որ արտառոց բան եղած լիներ հավատացեք շտաբի պետը չէր փոխարինի հրամանատարին: Արցախի սահմանները պաշտպանվել եւ շարունակվելու են պաշտպանվել»,- հավելեց ԱԱԾ տնօրենը:
Դիտարկմանը, թե Լեւոն Մնացականյանի ազատումը հնարավո՞ր է կապ ունի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից՝ քարոզարշավի ընթացքում հնչեցրած հայտնի հայտարարության շուրջ Արցախից հնչած արձագանքներին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդպես չի կարծում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Արցախի կառավարության որոշմամբ` Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: