News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աբովյանի ծննդատանը 42-ամյա կինը 9-րդ երեխային է լույս աշխարհ բերել: 3.6 կգ քաշով եւ 51 սմ հասակով տղա երեխան, Աբովյանի ծննդատան բժիշկների հավաստմամբ, լիարժեք առողջ է, մայրիկը՝ նույնպես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Աբովյանի ԲԿ-ից:

42-ամյա Գայանեն ընտանիքի հետ ապրում է Կոտայք գյուղի վագոն-տնակում՝ սոցիալապես ծանր պայմաններում: Մեծ աղջիկները 22 եւ 20 տարեկան են, արդեն ամուսնացել են, մեծ տղան 19 տարեկան է, ծառայում է Արցախի զորամասերից  մեկում: Ընտանիքն արդեն տասը տարուց ավել ապրում է Կոտայք գյուղում:

Գայանեն NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ չնայած ծանր պայմաներին, երբեք չի երկմտել 9-րդ երեխային լույս աշխարհ բերելու հարցում. «Ամեն երեխա իր ղսմաթն ունի, իմ էրեխեքից ամեն մեկը յուրահատուկ է մեզ համար, եթե Աստված տվել է, ուրեմն պիտի  ունենայի: Հղիությունս նորմալ է անցել, ծննդաբերությունս՝  նույնպես:Ես շատ շնորհակալ եմ Աբովյանի ծննդատան ողջ անձնակազմին, նրանք սրտացավորեն կատարեցին իրենց աշխատանքը, հատկապես բժշկուհուն՝ Շուշանիկ Սարգսյանին»,-նշեց տիկին Գայանեն՝ հայտնելով, որ երեխան որեւէ առողջական խնդիր չունի, ինքը՝ նույնպես:

Ընտանիքի հայրը՝ Արման Արզումանյանն էլ պատմեց, որ ինքը Արցախյան ազատամարտի մասնակից է, 1988թ-ից ընդգրկվել է Հայոց Ազգային Բանակի կազմում, այնուհետեւ ԵԿՄ կազմում մասնակցել է Ջաբրաիլում, Հորադիզում մղված ազատագրական մարտերին: Մինչ այսօր էլ ԵԿՄ անդամ է: Մասնակցել է նաեւ Ապրիլյան պատերազմին:

Սոցիալական խնդիրներն այս ընտանիքում շատ են՝ բնակարանի, աշխատանքի խնդիր: Չնայած այս ամենին՝ Արմանը չէր տրտնջում. «Ես ամեն գործ անում եմ, սեզոնին հողագործությամբ եմ  զբաղվում, անասուններ եմ պահում, վագոնի դեմը հողամաս ունենք, մշակում ենք, ու, փառք Աստծո, հասցնում եմ: Իմ երեխեքը եւ նորմալ սնվում են, եւ կարողանում եմ հագցնել ու դպրոց էլ նորմալ հաճախում ու նորմալ սովորում են: Ուղղակի ինձ ավելի շատ տանջում է բնակարան չունենալու խնդիրը: Ունեինք հայրական տուն, որն այլեւ մերը չի: Չգիտեմ, ինչ ձեւով դրանից զրկվեցինք: Վագոն-տնակում բացարձակ պայմաններ չկան երեխաներին նորմալ մեծացնելու համար՝ խոնավություն, մեկ փոքր սենյակ ու բազմանդամ ընտանիք: Ու նաեւ, որ մշտական աշխատանք ունենայի, ես աշխատող եմ, ստաբիլ եկամուտով կաշխատեի ու ընտանիքս կպահեի»,-պատմեց Արման Արզումանյանը:

Գայանեն էլ հավելեց, որ 9 երեխաներից  մեկը ծնվելուց 20 օր հետո  մահացել է ՝ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ:

Գայանեի բազմանդամ ընտանիքում  խնդիրները շատ են: Գոյատեւում են ամսական 46 000 դրամ նպաստով եւ ամուսնու սեզոնային աշխատանքով:

«Մեր տունը շատ փոքր է, հազիվ ենք տեղավորվում, ընդամենը մեկ սենյակ է, այդտեղ քնում ենք, ուտում, երեխաները դաս են սովորում: Տունը խոնավ է: Ես էլ ամեն գործ անում եմ, ամուսնուս օգնում, հող ենք մշակում, ահագին պահածոներ եմ փակել, որ երեխեքը ձմռանն ապահով լինեն: Եթե երեխաներս մեծ լինեին, ես էլ կփորձեի այլ աշխատանք գտնել, բայց հիմա պետք եմ փոքրիկներիս»,-պատմեց Գայանեն:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094573617 եւ 098004208 հեռախոսահամարներով՝ Գայանեին եւ Արմանին:

Տպել
Ամենաշատ