Ռուսաստանի շրջանների հետ համագործակցությունը թույլ կտա իրացնել Հայաստանի զբոսաշրջային ներուժը: Դեկտեմբերի 18-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ սա այն ոլորտներից մեկն է, որը կարող է ակտիվորեն գործարկվել միջշրջանային համագործակցության մեջ: «Ռուսաստանցի նահանգապետերը, որոնք Հայաստան են ժամանում, ինձ հետ հանդիպումների ժամանակ խոստովանում են, որ ներուժ կա: Կարելի է փոխշահավետ կապեր հաստատել Հայաստանի հանգստավայրերն օգտագործելու համար»,- պարզաբանեց դեսպանը:
Դիվանագետի կարծիքով՝ կարելի է Հայաստան ուղարկել շրջաններից հանգստացողների, ինչպես նաեւ ձեռնարկությունների եւ ընկերությունների աշխատակիցներին. «Միանգամայն հնարավոր է հանդիպակաց հոսք ստեղծել: Եվ սա արդեն պետք է լինի շրջանների միջեւ պայմանավորվածությունների մակարդակում»:
ՌԴ դեսպանի կարծիքով՝ դրա համար համապատասխան ռեսուրսներ կան, եւ անհրաժեշտ է աշխատել այս ուղղությամբ:
Նշենք, որ վերջերս հրապարակված OZON.travel գործակալության տվյալներով՝ ամանորյա տոներին ռուսաստանցիների շրջանում Հայաստանը դարձել է ամենահանրաճանաչ զբոսաշրջային ուղղությունը: