News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոր կառավարությունում 17 նախարարությունների փոխարեն կլինի 12 նախարարություն, հաղորդում է «Սիվիլնեթ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: 

Ըստ այդմ, առաջիկա օրերին կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի շրջանառության մեջ։

Նոր փոփոխություններով նախատեսվում է առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատում:

Ըստ փոփոխությունների՝ սփյուռքի նախարարությունը լուծարվում է։ Քննարկվում է տարբերակ, ըստ որի, սփյուռքի հետ կապերը համակարգվելու են փոխվարչապետի գրասենյակի կողմից։

Ստեղծվելու է ենթակառուցվածքների եւ պետգույքի նախարարություն։ Այս նախարարությունն իր մեջ ներառելու է տրանսպորտի, էներգետիկայի եւ պետգույքի ոլորտները։ Սա դառնալու է ամենախոշոր նախարարություններից մեկը։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դառնալու է կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարություն։

Նախատեսվում է, որ կմիավորվեն տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարությունները։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ։

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության եւ գիտության նախարարության հետ։

Կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու հարցը կարող է քննարկվել նոր ձեւավորված ԱԺ առաջին նիստում, որը տեղի կունենա հունվարի առաջին աշխատանքային օրը։

Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր կլինեն նոր նախարարները, ԱԺ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, ապա Factor.am-ի փոխանցմամբ, մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոր ԱԺ-ում զբաղեցնելու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Խմբակցության քարտուղարի պաշտոնն էլ զբաղեցնելու է Հակոբ Սիմիդյանը: Այս տեղեկությունը հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը:

«Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահի եւ տեղակալների պաշտոնների համար էլ առաջարկվելու է Արարատ Միրզոյանի, իմ եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ հնարավոր է՝ նոր ԱԺ-ում 9 հանձնաժողովի փոխարեն լինի 10-ը: 10-րդը կլինի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը:

Լենա Նազարյանը նշել է. «Կարծում եմ՝ կառավարություն կգնան Սուրեն Պապիկյանը, Էրիկ Գրիգորյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը եւս ցանկություն է հայտնել գործադիրում աշխատելու, եթե ցանկությունը չփոխի»:

Լենա Նազարյանը նշեց, որ ինքնաբացարկների ժամկետը մինչեւ դեկտեմբերի 30-ն է եւ մինչ վերջնաժամկետ մարդիկ մտածելու իրավունք ունեն: Նազարյանը միաժամանակ ասաց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են լինելու, վարչապետն ունենալու է երկու տեղակալ, իսկ թե ովքեր են լինելու փոխվարչապետերը՝ հայտնի չէ: «Այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվել: Քննարկվել է Տիգրան Ավինյայի կառավարությունում մնալը, նա որպես պատգամավոր աշխատել չի ցանկացել»,- ասաց Նազարյանն ու չբացառեց, որ Մհեր Գրիգորյանը հետագայում եւս կպաշտոնավարի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շարունակելու են ընտրություններից հետո էլ պաշտոնավարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ