News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երեւանի բնակիչները դեռ նախորդ տարվանից անհամբեր սպասում էին այս տարեվերջին մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի ներդրմանն ու շահագործմանը, ինչի շնորհիվ վերջապես հնարավոր կլիներ քաղաքով մեկ երթեւեկել անհամեմատ հարմար, անվտանգ ու քաղաքակիրթ տրանսպորտային միջոցներով ու համակարգով: 

Դեռ նախկին քաղաքային իշխանությունները նման խոստում էին տվել՝ նշելով, որ նոր ցանցի մշակումն ամբողջապես ավարտված է, այն հնարավոր է աստիճանաբար կյանքի կոչել ու վերափոխել հին տրանսպորտային համակարգը: 

Բայց, ինչպես ասում են, այս դեպքում նույնպես շաբաթն ուրբաթից շուտ եկավ. այդ հարցում եւս երեւանցիներին մեծ հիասթափություն էր սպասում: Ինչպես քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի պաշտոնակատարի հետ զրույցում նշել էր, նոր ցանցի շահագործումը կհետաձգվի, ընդ որում՝ ոչ թե մի քանի ամսով, այլ 2-4 տարով: 

Քաղաքապետի հայտարարությունը խոր դժգոհություն է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքի բնակչության, այլեւ սպառողների եւ ուղեւորափոխադրողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում: 

Փորձագետների հավաստմամբ՝ նախկին քաղաքային իշխանությունների ժամանակ մշակված տրանսպորտային ցանցի փաթեթը բավական լավն է ու արդյունավետ, դրա իրագործումը նրանք իրատեսական են համարում՝ նշելով, որ ցանցը ներդնելու համար մի քանի մանր հարցեր էին մնացել հստակեցնելու: 

Եվ հիմա իրենց համար անհասկանալի է քաղաքային նոր իշխանությունների հապաղումը, ժամանակ ձգելը, առավել եւս, որ այդ ցանցի մշակման համար միջազգային խորհրդատու ընկերությանը վարկային միջոցներով 850 հազար դոլար է վճարվել: Ստացվում է, որ այդ գումարը զուր կորչելու է, մինչդեռ Հայաստանի քաղաքացիներն են իրենց գրպանից հատուցելու դրա համար՝ փոխարենը ոչինչ չստանալով: 
«Ուղեւորափոխադրումների միության» նախագահ ՀՐԱՆՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, որն ընդգրկված է եղել տրանսպորտային նոր ցանցի նախագծի մշակման ու քննարկման նպատակով ստեղծված խմբում, տեղեկացրեց, որ նոր տրանսպորտային ցանցը այս պահին կյանքի կոչվելու պատրաստ է՝ գոնե թե մասամբ, մինչեւ որ դեռ չպարզված այլ խնդիրներ հնարավոր լինի լուծել: 

Իսկ դրանք փոքր հարցեր են, որոնք, ըստ նրա, կարելի է շատ կարճ ժամանակում, այլ ոչ թե տարիների ընթացքում հստակեցնել. «Կան որոշ բացեր, թերություններ, որոնք հեշտությամբ կարելի է հարթել: Օրինակ, մինչեւ վերջերս հստակեցված չէր տեղափոխի ժամանակահատվածը, այսինքն՝ թե որքան ժամանակահատվածում ուղեւորը կարող է մեկ տոմսով երթեւեկել մի քանի տրանսպորտային միջոցներով: 

Հստակեցված չէր նաեւ՝ նո՞ւյն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցներից է թույլատրվելու տեղփոխով երթեւեկել, թե՞ դա հնարավոր կլինի նաեւ հակառակ ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցների համար: 

Կամ` ուսանողներին, սոցիալական հատուկ խմբերին զեղչեր նախատեսվելո՞ւ են, թե՞ ոչ: Նման հարցերը կարելի է շատ արագ հստակեցնել ու պարզել, եւ չեմ կարծում, որ դրանք են խոչընդոտել նոր ցանցի ներդրմանը»:

Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ տրանսպորտային նոր ցանցն օր առաջ պետք է ներդրվի, հակառակ դեպքում եկող տարվանից հասարակական տրանսպորտի դաշտում լուրջ խնդիրներ են առաջանալու: Այս տարվա դեկտեմբերի 31-ից երթեւեկության ցանցում գործող 117 միկրոավտոբուսների շահագործման ժամկետը լրանում է, եւ այդ շարժակազմերը պետք է դուրս բերվեն շահագործումից: Իսկ նոր շարժակազմեր չեն նախատեսվում, քանի որ տնտեսավարողները միջոցներ չունեն, եւ նրանց համար նաեւ շահավետ չէ այսօրվա պայմաններում տրանսպորտային գծեր շահագործելը: 

Մարդիկ նախընտրում են դուրս գալ այդ բիզնեսից: Հետեւաբար երթեւեկությունից դուրս բերված մեքենաների վարորդները կմնան անգործ, իսկ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը կաթվածահար կլինի՝ մեքենաների սակավության պատճառով: 

Նրա տեղեկացմամբ՝ արդեն 20 երթուղագիծ կրճատվել է, մնացել է 40-ը, որոնցում մոտ 2500 վարորդ է աշխատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ