News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2018 թվականը մոտենում է ավարտին։ Հայաստանում այն մեծ փոփոխությունների ալիք բարձրացրեց․տարի էր, որը քաղաքական դաշտում շրջեց խաղացողների դիրքերը, խառնեց խաղաքարտերը։ NEWS.am-ը 2018-ը ամփոփել է հանրային-քաղաքական գործիչների հետ։ Նրանք խոսել են իրենց ձեռքբերումների ու թերացումների մասին, ընտրել իրենց «քաղաքական Ձյունանուշին կամ Ձմեռ պապին», պատմել են ամենասուր անեկդոտները, անկեղծացել, թե քանի բաժակ ոգելից խմիչքից հետո են հայտնվում «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի հերոսի դերում։ Այս մասին եւ ոչ միայն զրուցել ենք 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր եւ 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի հետ։

Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա տոները։

Ամանորյա տոները կանցկացնեմ, երեւի թե, ընկերոջս տանը, որովհետեւ իմ բարեկամներն ու ընտանիքը մեկնում են հանգստի, իսկ ես չեմ մեկնում․ մնում եմ Հայաստանի Հանրապետությունում։

Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

Կարծում եմ՝ հարցին կարող է պատասխանել իմ ընկերը, քանի որ տոներն անցկացնելու եմ իրենց տանը։ Նվերներ գնելու եմ, բայց չեմ կարծում, որ այդ գումարը հաշվելու կարիք կա։

Անցնող 2018 թվականին ձեր անձնական ամենամեծ ձեռքբերումը։

Այն հուշերը, որոնք ես կուտակեցի հայտնի իրադարձությունների ժամանակ։

2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

Ամենամեծ թերացումն այն է, որ երեխաներիս հետ չեմ կարողանում շատ ժամանակ անցկացնել։

Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։

Երեւի թե ոչ նյութական, բայց թե ինչ նվեր՝ չեմ մտածել։

Եթե հայ քաղաքական դաշտի կանանցից Ձյունանուշ ընտրեիք, ո՞ւմ կընտրեիք։

Կոնկրետ որեւիցե մեկի անունը չեմ կարող նշել, որովհետեւ մնացած բոլորը կնեղանան, բայց կարծում եմ՝ նա կլիներ ամենակրեատիվ եւ օրիգինալ քաղաքական գործիչը, կընտրեի այդ չափանիշներով։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։

Մի գիրք, որը թերեւս պետք է ավելի շուտ կարդացած լինեի, Ջորջ Օրուելի «1984»-ն է։ Տպավորվել եմ, որովհետեւ հասկացել եմ, որ պետք է ամեն ինչ անեմ, որ այդ գիրքը մնա ընդամենը գիրք եւ երբեւիցե իրականություն չդառնա։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

Երեք պաստառների մասին ֆիլմը, որը «Օսկար» չստացավ, բայց բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Այն ինձ իրոք շատ է տպավորել։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

«Спят усталые игрушки» երգն է, որովհետեւ իմ աղջիկը այդ երգը երգում է յուրովի եւ բառեր է ավելացնում այդ երգի մեջ, որը որ ես լրիվ ուրիշ ձեւով գիտեի, ուստի այս տարվա ամենաշատ տպավորությունները ստանում եմ, երբ իմ 3 տարեկան բալիկը այդ երգը երգում է։

Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

Փորձելու եմ էլ ավելի հետաքրքիր ու անսպասելի բաներ անել, եւ ձեզ ու մեզ ականատես դարձնել, քան 2018 թվականին հաջողվեց անել։

Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։

Ամանորյա ավանդույթներից ամենաշատը սիրում եմ ընտանիքի շրջապատում դիմավորելը, իսկ ամենաշատը չեմ սիրում պաշտոնյաների ելույթները Ամանորից անմիջապես առաջ։

Ամանորի գիշերը որերո՞րդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորում կուսակցության ղեկավարին։

Չեմ կարող հիշել, թե նախորդ տարիներին ինչպս է եղել, բայց կարծում եմ, որ ճիշտը անձամբ շնորհավորելն է, երբ հարմար կլինի, 1-2 օր անց։ Կարծում եմ՝ գիշերը արագ հաղորդագրություն հավաքելը կամ զանգահարելը, միգուցե, այդքան էլ ճիշտ չէ։

Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

Կտանեի երեւանյան թաղամասերից մեկը եւ կբարձրացնեի տանիք ու ցույց կտայի գիշերային Երեւանը։

Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։

Անկեղծ ասած չեմ հավատում ու չեմ սիրում այդ հավատալիքները։ Մայրս է ավելի շատ դրանով զբաղվում եւ ինչ-որ բան կազմակերպում՝ սկսած սենյակների դռները բացելուց, լույսերը միացնելուց, իսկ ես պասիվ դիտորդի կարգավիճակ եմ ունենում։ 

Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

Բավականին երկար է մնում, ոչ թե այն պատճառով, որ լավը չէ, այլ այն պատճառով, որ միշտ մայրս փորձում է մաքսիմալ մեծ, մաքսիմալ շատ պատրաստել, եւ հյուրերի պարագայում խոզի բդին հաճախ հերթ չի հասնում․ այդ պատճառով խոզի բուդը բավականին երկար է մնում։

Ձեր ամենասիրած խմիչքը։

Ես քիչ եմ խմում, բայց խմելիս նախընտրում եմ կամ օղի, կամ Jack Daniel’s:

Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» հերոսի դերում։

Եթե անկեղծ՝ երեք։

2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

Անեկդոտ այն մասին, որ նախկին իշխանություններն ասում էին, որ իրենք շուտով հետ են գալու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ