News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի բյուջեի նվազում, որը պետք է ապահովի քաղաքային տրանսպորտի կենսական գործունեությունը, տեղի չի ունեցել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լարգրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով, 2019 թ. բյուջեով տրանսպորտի ոլորտին հատկացվող բյուջեի նվազումը տեղի է ունեցել բացառապես Մետրոպոլիտենի «Ասիական զարգացման» եւ մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի կրճատման հաշվին, որը պատվիրակված լիազորություններով մեզ փոխանցվում է պետական բյուջեից:

Անդրադառնալով Երեւանի տրանսպորտային նոր ցանցի ներդրմանը, փոխքաղաքապետն ասաց. «Մենք այսօր աշխատում ենք շատ մեծ խմբով տրանսպորտի ցանցի բարելավման ծրագրի վրա, որն իրականացրել է անգլիական WYG ընկերությունը: Ծրագիրն ավարտական փուլում է, սակայն մենք չենք հասնում այդ ավարտին, որովհետեւ որոշ դրույթներ մեզ համար ուղղակի ընդունելի չեն, եւ մենք բանակցում ենք բրիտանական ընկերության հետ: Ծրագրում կա վերանայումների անհրաժեշտություն՝ կապված ուղեւորահոսքի գնահատված ծավալի հետ, ուղեւորատոմսի սակագնի հաշվարկի հետ եւ այլն: Այս փուլում ծրագրի մշակման աշխատանքը դեռեւս ավարտված չէ, եւ մենք չենք ստորագրում ծրագրի ընդունումը, քանի դեռ մեր նախանշած պայմանները, այդ թվում սակագնի հաշվարկի մոդելն ու մեթոդը մեզ չեն հրամցվել պարզ եւ մատչելի»:

Նա տեղեկացրեց, որ դեռ նախորդ իշխանությունների ժամանակ տրանսպորտային նոր ցանցը նախագծած բրիտանական ընկերությունը խոստացել է մինչեւ 2019 թ. հունվարի վերջ ուղարկել նոր իշխանությունների կողմից ակնկալվող ամբողջ տեղեկատվական եւ բացատրական բազան, որի հիման վրա հնարավոր կլինի գնահատել այն բավարար կատարված:

«Եթե բավարարվեն պահանջները, նոր դրանից հետո կհայտարարվի օպերատորների միջազգային մրցույթ, որն էլ կարող է տեւել 6 ամիս եւ ավելի: Միանշանակ հավաստիացնում եմ, որ եթե մենք նույնիսկ ունենայինք այս պահին պատրաստի եւ տրանսպորտային նոր ցանցի վերջնական ծրագիր, մեկ տարվա ընթացքում 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի տրանսպորտային ցանցի ամբողջական վերափոխումը կգնահատեմ ֆանտաստիկ»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Տպել
Ամենաշատ