News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դատարանն իր հիմնական փաստարկները կապել է Մանվել Գրիգորյանի հիվանդության հետ եւ, ըստ էության, ոչ թե կալանքի հիմքեր չի տեսել, այլ դատարանը տեսել  է կալանքի հիմքերը, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին: Այս մասին, հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման իջած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք այդ փաստարկի հետ չենք համաձայնում եւ գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չէին, որոնք անհամատեղելի լինելին կալանքի հետ: Մենք տեսնում ենք այն հիմքերը, որ ազատության մեջ մնալով օրենքով պահանջվող պատշաճ վարքագիծը չապահովվի, մենք դա կանխատեսում ու հիմնավորում ենք, դրա համար էլ բողոք ենք ներկայացնում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե շաքարային դիաբետն ու քաղցկեղը համատեղելի՞ են կալանքի հետ, գլխավոր դատախազն արձագանքեց. «Այն հիվանդությունները, որոնցով տառապում է մեղադրյալը, դրանցով որպեսզի համատեղելիությունը պարզվի, նշանակված է փորձաքննություն: Այդ փորձաքննության եզրակացությունը դեռեւս չկա: Ես կարծում եմ, որ մենք իրականում դիրքորոշումների տարբերություն չունենք եւ հանրությունը դատախազությունից իր պահանջի պատասխանը կարծում եմ՝  հստակ ստացավ»:

Նա նկատեց, որ դատարանն անկախ է եւ նրա նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքը հնարավորինս շուտ անցկացնելու հանրային պահանջին, Արթուր Դավթյանն ընդգծեց. «Նիստը արագ անել, քննություն նշանակել, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այո, հնչեղ գործերով կա այդպիսի մոտեցում: Եթե նկատեցիք, մենք ինքներս էլ մեր նախատեսված հնգօրյա ժամկետից շատ վաղ, մեկօրյա ժամկետում տանում ենք վերաքննիչ բողոք»:

Գլխավոր դատախազը չբացառեց, որ Մանվել Գրիգորյանի  մեղադրանքը կարող է լրացվել. «Շաբ բազմադրվագ է գործը, բազմածավալ է, շատ եծ քանակությամբ քննչական դատավարական գործողություններ են իրականացվում, նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ: Ծավալից ոչ մի բան դուրս չի մնալու:

Որ դրվագի հետ կապված ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը կլրացվի այդ ուղղությամբ: Բավարար կհամարենք, կվարտենք նախաքննությունը, գործը կուղարկենք դատարան, բոլոր հանգամանքների մասին հանրությունը կտեղեկանա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ