News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


18 հարց՝ 2018–ի մասին ամանորյա շարքի հյուրն է «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։

Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։

Հայրենիքում՝ մեր հայրենի բնօրրանում, հավանաբար կլինեմ տարբեր մարզերում եւ ուժ կստանամ մեր քաղաքացիներից եւ այնտեղ անցկացված հանգստից։ Հիմնականում սիրում եմ մեր հայրենիքում անցկացնել Նոր տարին։

Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

Քանի որ ես չեմ զբաղվում մեր տան տնտեսական հարցերով, այդ պատասխանը հստակ չեմ կարող տրամադրել, բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք չենք պատրաստվում մեծ ծախսեր անել, մենք միշտ համեստ եւ չափավոր, բայց հաճելի Նոր տարի ենք անցկացնում։

Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։

Ես չեմ կարծում, որ մենք ունենք մեծ ձեռքբերում, քանի դեռ հստակ մեր քաղաքական հայտը չենք ձեւակերպել եւ չենք ազդարարել այդ մասին, ապա չեմ կարող ասել, որ մենք ունենք ձեռքբերում, ես խոսում եմ ոչ թե միայն մեր կուսակցության մասին, այլ խոսում եմ մեր ազգի մասին, մենք պետք է ձեւակերպենք եւ հրապարակենք մեր ազգային գաղափարախոսությունը եւ ազգային ծրագիրը, մինչդեռ դա տեղի չի ունեցել։

2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

Չգիտեմ, երեւի արտաքին դիտորդը պետք է այդ մասին ասի, որովհետեւ ես ճշգրիտ չեմ կարող ասել՝ որոնք են իմ թերությունները։

Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։

Խաղաղություն, դա մեծ նվեր կլինի բոլորիս համար, հատկապես այն վախերի պարագայում եւ այն իրական սպառնալիքի պարագայում, որը գոյություն ունի։ Այս տարին մեզ համար շատ դժվար տարի է լինելու, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի եւ հաղթանակի եւ այլեւս չկրկնենք այն սխալները, որոնք թույլ ենք տվել թե՛ Արցախյան առաջին պատերազմում, թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմին։ Հասկանալի է, որ լինելու է պատերազմ, հասկանալի է, որ լինելու է հարձակում, բայց ազգովի պետք է համախմբվենք եւ դիմակայենք, վերականգնենք մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը՝ գնալով առաջ, ազատագրելով Գետաշենը, Շահումյանը, Դաշտային Արցախը եւ Նախիջեւանը։

Եթե հայ քաղաքական դաշտի տղամարդկանցից Ձմեռ պապ ընտրեիք, ո՞ւմ վրա կանգ կառնեիք։

Ինձ համար այսօր իմ Ձմեռ պապն է իմ ամուսինը, իսկ երբ մանուկ էի, իմ հայրիկն էր։ Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր ինձ շատ մոտ եւ մտերիմ են, նրանք են ինձ համար Ձմեռ պապ փոխաբերական իմաստով։ Ցանկալի է, որ Ձմեռ պապերը մեզ ուղեկցեն, գոնե տարին մեկ անգամ այցելեն մեր տուն եւ մատուցեն հաճելի անակնկալներ։  Պարտադիր չէ նվերը ինչ արժեք կունենա, պարտադիր է, որ նա լինի սպասված եւ ցանկալի։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։

Քանի որ ես դուրս եմ եկել այդ տարիքից, մեկ–մեկ, իհարկե, վերընթերցում եմ այն գրքերը, որը նախկինում կարդացել եմ, բայց հիմնականում այս տարի ես, երեւի թե, գեղարվեստական գրքերին շատ քիչ եմ անդրադարձել, կարդում եմ փաստավավերագրական եւ մասնագիտական գրքեր, որոնք վերաբերում են պատմական իրադարձություններին, պայմանագրերին, մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

Այդպիսի ֆիլմ չեմ կարող մատնանշել։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

Նույն էլ երգը, կուզեմ լսել երգեր ազատության մասին, իհարկե, դրանից գերագույն արժեք չկա։ Ազատության մասին երգերը ինձ համար շատ հաճելի են։ Երբ շատ եմ ընկճվում, վերադառնում եմ Ռուբեն Հախվերդյանին, նրա բոլոր երգերն էլ մեծ փիլիսոփայություն են մեր արդի կյանքի վերաբերյալ։

Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

Եթե պետք է զարմացնեմ, ապա դրա մասին այս պահին չպետք է խոսեմ, անակնկալները պետք է թողնենք, որ մնան անակնկալ։

Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։

Ամեն մի ընտանիք իր ավանդույթը ունի, այնուամենայնիվ, գտնում եմ, որ մեր ընտանեկան ավանդույթները լավն են, փորձում եմ հետեւել մեր ավանդույթներին։ Ամանորին գնալ, հարազատներին շնորհավորել, նվերներ իրենց տալ, հյուրեր ընդունել։

Ամանորին ինչպե՞ս եք շնորհավորում ձեր կուսակիցներին։

Հավաքվում ենք նախօրոք, միասին տոնում ենք, միասին գինու բաժակ ենք բարձրացնում, հաճելի ժամանակ ենք անցկացնում։

Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

Կտանեի մեր գյուղերը, մեր լքված քաղաքները եւ խնդրեի, որ մի կախարդական փայտիկով փոխեր ամեն ինչ, դարձներ դրանք բարեկեցիկ քաղաքներ, լեցուն մարդկանցով, որ մեր հայրենակիցները վերադառնային գաղթից, մի օրվա մեջ բոլորը հավաքվեին Հայաստանում, տեղի ունենար ազգահավաք։ 

Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։

Երեւի պետք է հին իրերից ազատվել, դա ե՛ւ հաճելի, ե՛ւ ինչ–որ հոգեբանական ազդեցություն ունի, փոխում ես միջավայրդ, դա լավ ավանդույթ է, տարբեր ավանդույթներ կան՝ մոմեր վառել, տոնածառը զարդարել։

Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

Մեր տանը, հավանաբար, խոզի բուդ չի լինի, որ վերջանա, բայց կցանկանայի, որ ոչ մի ընտանիք խնդիր չունենար պարենային ապրանքների հետ կապված, խնդիր չունենար հացի հետ կապված, քաղցած լինելու խնդիր չունենար։

Ձեր ամենասիրած խմիչքը։

Այս պահին գինին եմ նախընտրում։ Երբեմն կարող եմ նաեւ օղի խմել, երբ ցուրտ է եւ դու քարոզարշավի մեջ, երբ ավարտվել է քարոզարշավը եւ վախենում ես մրսել, կարող ես օղի օգտագործել։ Իհարկե, մեր կոնյակն էլ եմ շատ սիրում, երբեմն կարող եմ կոնյակ ինձ թույլ տալ, լավ խմիչքները անհրաժեշտ է որ մարդիկ չափավոր օգտագործեն։

Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։

Քանակից չէ դա կապված, որովհետեւ ես դիմակայուն եմ ոգելից խմիչքների նկատմամբ, կախված է տրամադրությունից եւ միջավայրից, որ կարողանաս լիցքաթափվել, ոչ թե հայտնվես ինչ–որ ոչ պատեհ, ոչ ցանկալի իրավիճակներում։

2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

Երեւի չպատմեմ։ Բայց մի օր կպտամեմ։ Ես մի անգամ եմ անեկդոտ պատմել ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի եւ նրա եղբայրների մասին, մի օր էլ կպատմեմ նման մի անեկդոտ, բայց ոչ այսօր։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ