News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սպառողների համար գազի գինը չի բարձրանա․ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․«Քանի որ գազի գնի շուրջ վերջերս մամուլում շատ մեծ ծավալի քննարկումներ են տեղի ունենում, եւ ասվում է, որ Հայաստանի սպառողների համար գազը թանկանալու է, ուզում եմ ձեզ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին։ Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ու այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարավող գազի գինը եւ ըստ էության կարող ենք ասել, որ եկել ենք լուծման, առվազն առաջիկա տեսանելի ապագայի համար»։

Այնուհետեւ ներկայացրեց այդ քննարկումների արդյունքը․ «Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ՝ մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությւոնն է, նրանից դեպի Գազպրոմ Արմենիա մատակարավող գազը, եւ մյուս օղակը «Գազպրոմ Արմենիայից» դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը։ Ըստ էության ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիան» եւ «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակրարման գինը, գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու եւ գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ, հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- հայտարարեց Փաշինյանը։

Այդ ներքին կարգավորումները, որոնք զսպելու են գազի գինը սպառողների համար, որպեսզի այլ մեկնաբանությունների տեղիք չտան, Փաշինյանը պարզաբանեց․ «Ինչո՞ւ հիմա որոշեցի այս ձեւով դրա մասին ձեզ տեղյակ պահել, որովհետեւ գիտեմ, որ այդ լուրը հայտնի դառնալուց հետո պիտի շատ քննարկեն, վերլուծեն եւ ասեն, որ ահա այս լուծման պատճառով մենք որոշակի պարտք ենք կուտակելու եւ այդ պարտքի հետեւանքով որոշակի ակտիվներ պետք է նորից փոխանցենք Ռուսաստանին, այդպիսի կարգավորումների մասին խոսք չի գնում,  խոսքը գնում է հենց ուղիղ նրա մասին, ինչի մասին ես ասացի, ես ասացի, որ ուրիշ հարաբերություն է ռուսական «Գազպրոմ» ընկերության եւ նրա դուստր ընկերության «Գազպրոմ Արմենիայի» հարաբերությունը, եւ ուրիշ խնդիր է «Գազպրոմ Արմենիայի» եւ մեր սպառողների հարաբերությունը, դրանք տարբեր բաներ են՝ առաջին օղակում գնային փոփոխություն տեղի կունենա, իսկ երկրորդ օղակում գնային փոփոխություն տեղի չի ունենա, առնվազն որոշակի ժամանակահատվածի համար կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում մենք նորից կանդրադառնանք, ընդհանուր առմամբ կարծում եմ՝ գազի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու, եւ մենք իհարկե ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ պրոբլեմներ չստեղծվեն, եւ ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր ես լավատես եմ, ուրախ եմ, որ այս փուլում մենք կարողացանք այդպիսի լուծման գալ»։

Նա նաեւ վստահեցրեց, որ երեկ Պուտինի հետ երկու հեռախոսազրույցների ընթացքում գազի գնից բացի որեւէ հարակից թեմա չի քննարկվել․ «Եվս մի բան եմ ուզում ասել, որովհետեւ գիտեմ, որ դա նույնպես մամուլում առաջիկայում վերլուծվելու է, թե այդ երկու հեռախոսազրույցների մասին ինչ է քննարկվել, ինչ հարակից հարցեր են քննարկվել։ Ես ուզում եմ ուղղակի ուղիղ ասել, որ մենք քննարկել ենք գազի գնի հարցը, գազի գնագոյացման հարցը, եւ բացարձակապես այլ հարցի հետ փոխկապակցվածություն այստեղ չկա։ Որոշեցի այս ձեւով ասել՝ ուղիղ, ամբողջական, որպեսզի այդ վերլուծությունների վերաբերյալ վերավերլուծություն անելու անհրաժեշտություն չլինի»։

Փաշինյանը սա համարեց լավ լուր, քանի որ չիրականացան կանխատեսումները գազի թանկացման վերաբերյալ․ «Կարծում եմ, ըստ էության, որ լավ լուր է դա, որովհետեւ լրատվական դաշտում եւ ընդհանրապես կապված նրա հետ, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիային» մատակարարվող գազի գինը պիտի բարձրանար, դրանից հետեւություն էր արվում, որ հայաստանյան սպառողների համար նույնպես պետք է բարձրանա։ Ուզում եմ ասել, որ նման բան տեղի չի ունենալու առնվազն առաջիկա պայմանագրային շրջափուլում, հետագայի համար էլ իհարկե մենք շատ լրջորեն կաշխատենք, եւ մեր խնդիրն է լինելու գազի գնագոյացման շուրջ ավելի հստակ եւ կանխատեսելի մեխանիզմներ ունենալը, եւ ընդհանրապես մեր գազային համակարգի արդյունավետությունը բարձրացնելը, եւ իհարկե այս հարցում մենք լիարժեք կհամագործակցենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ