News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 ԵԿՄ  նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը տարածքների նվիրաբերությունը  դեռ վերջնական փուլին չի հասել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

«Այդ տարածքների նվիրաբերման հետ կապված դեռ խնդրահարույց  հարցեր կան, քննչական մարմինները  այստեղ աշխատանքներ են տանում, հարցերը կան, որոնք պետք է պարզվեն։ Պետք է նաեւ պարզվի՝  տարածքը  պետական  գույքի բալանս է անցնում, թե  համայնքի բալանս»,– ասաց մարզպետը։

Մարզպետը նշեց, որ տարբեր մարզերում կա նաեւ Մանվել Գրիգորյանին պատկանող 40 հողատարածք, որոնց ձեռքբերման մրցույթների հետ կապված խնդրահարույց հարցեր կան, դրանք պարզելուց հետո նույնպես կորոշվի դրանց հետագա ճակատագիրը։

«Օրենքով սահմանված կարգով դրանց ճակատագիրը կորոշվի, այսինքն դրանք կամ կմնան սեփականատիրոջը, կամ կանցնեն համայնքներին»,– ասաց մարզպետը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Նրա փաստաբանի խոսքով, տարածքի շուկայական արժեքը մոտ 10 միլիոն դոլար է։

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նապնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յորացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։

Տպել
Ամենաշատ