News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի զրուցակիցը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է:

Շնորհավոր Ձեր Նոր տարին, պարոն Ղուկասյան: Ինչպե՞ս դիմավորեցիք:

Շնորհակալություն: Դիմավորել եմ Ստեփանակերտում, տանը, ընտանիքիս հետ միասին:

Ինչ՞ է Ձեզ համար Նոր տարին:

Մանկությանս տարիներին շատ էի սիրում այդ տոնը: Այն ժամանակ հավատում էի և՛ հրաշքների, և՛  հեքիաթների: Հիմա ամեն ինչ ավելի պրոզաիկ է:

Ձեր մաղթանքը մեր ժողովրդին, երկրին:

Բոլորին առանձին-առանձին մաղթում եմ առողջություն, ոգու ամրություն և հավատ սեփական ուժերին: Երկրին՝ խաղաղություն և բարգավաճում: Մենք անցել ենք շատ դժվարին ճանապարհ ու դա արել ենք պատվով և արժանապատվությամբ, հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում, պահպանել ենք մեր անկախությունը, կառուցել ենք պետություն…

Բայց կա պատերազմի փորձություն և կա խաղաղության փորձություն:  Եվ եթե մեզ, Աստված մի արասցե, չհաջողվեց հաղթահարել խաղաղության փորձությունը, մենք անխուսափելիորեն նորից հայտնվելու ենք պատերազմի վտանգի փորձության առջև: Հուսով եմ, որ այդպես չի լինի: Ուզում եմ հավատալ, որ մենք կկարողանանք խելամտորեն հակազդել բազմաթիվ մարտահրավերներին, որոնք կանգնած  են մեր ժողովրդի առջև: Երջանկության բանաձևը ոչ թե ժխտողականության մեջ է , այլ՝ զարգացման: Թող բոլոր բացասական երևույթները մնան 2018, 2017 թվականներում և մյուս անցած տարիներում, իսկ դրականը դառնա մեր ապագայի հիմքը: Մենք պարտավոր ենք պահպանել այն արժեքները, հանուն որի մեր հերոսները տվել են իրենց կյանքը:

Ես չեմ հիշում, որ Դուք երբևէ մեկնաբանեիք Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Երկար տարիներ լինելով Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան և զբաղվելով արտաքին քաղաքականության հարցերով, ես ինձ երբեք թույլ չեմ տվել հրապարակայնորեն արտահայտվել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, գտնելով որ ԼՂՀ նախկին նախագահի իմ կարգավիճակն այլ բան չի էլ ենթադրում: Ի դեպ, այդ իսկ պատճառով ես նախապես հայտարարել եմ, որ մտադիր չեմ Հայաստանում զբաղեցնել որևէ առանցքային պաշտոն: Իսկ ՀՀ դեսպանի պաշտոնին համաձայնել եմ միայն այն պատճառով, որովհետև այն ինձ հնարավորություն է տվել անմիջականորեն զբաղվել ղարաբաղյան հիմնահարցով՝ իմ ողջ կյանքի գործով:

Ես չեմ փոխել քաղաքացիությունս, երբեք չեմ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընտրական պրոցեսներին: Մինչև որդուս Երևանում համալսարան ընդուվելն ընտանիքս շարունակում էր ապրել Ստեփանակերտում: Փաստորեն ամեն ամիս ես գալիս էի Արցախ, երբեմն նաև ավելի հաճախ, որտեղ մենք ԼՂՀ նախագահի հետ քննարկում էինք ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բոլոր դրսևորումները: Ես գիտակցաբար խուսափել եմ հրապարակայնությունից, որովհետև իմ գործունեության իմաստն ու բովանդակությունը շատ ավելի կարևոր էին: Հնարավոր է, որ երբևէ այդ մասին կգրեմ իմ հուշագրություններում: Բնականաբար, ոչ միայն այդ մասին:

Հասկանում եմ, որ Դուք չեք ցանկանում հրապարակային գնահատականներ տալ Հայաստանի ներքաղաքական իրողություններին երեկ և այսօր: Բայց և այնպես, այն, ինչ կատարվում է ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ, վերաբերվում է ոչ միայն Հայաստանին: Ին՞չ եք մտածում այդ մասին:

Ես չեմ կարող և չեմ ուզում իրավական գնահատականներ տալ Քոչարյանի, այսպես կոչված, գործին: Մեղավոր է մարդը, թե ոչ՝ որոշում է դատարանը: Ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը անհամատեղելի են արդարադատության հետ: Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը  և կապահովվի իրավական տեսակետից անաչառ դատավարություն:Դա  չափազանց կարևոր է նաև երկրի հեղինակության համար:

Ինձ շատ է անհանգստացնում նաև այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով  նրա գործունեության ղարաբաղյան փուլը: Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճկատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակշրջանում, ենթարկվում է ամենալկտի  հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները:

Դուք պատրաստվու՞մ եք շարունակել քաղաքական գործունեությունը:

Ես վաղուց չեմ զբաղվում քաղաքականությամբ: Մի առիթով արդեն ասել եմ, որ իմ քաղաքական առաքելությունը համարում եմ ավարտված: Ճիշտ է, կա մի բայց. Ղարաբաղի հարցը: Դա ավելին է, քան քաղաքականությունը և պայմանավորված չէ այս կամ այն քաղաքական կամ դիվանագիտական պաշտոնի հետ: Չեմ կարծում, որ Հայաստանի և Արցախի այսօրվա կամ վաղվա նախագահներն ավելի շատ իրավունք ունեն պնդելու իրենց տեսակետները ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քան ես:

2007 թվականին Դուք հրաժարվել եք երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, չնայած  նրան, որ առաջին անգամ ընդունված   ԼՂՀ Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս էր: Չե՞ք փոշմանել:

Ոչ, իհարկե: Դեռ այն ժամանակ մամուլի ասուլիսում հնչած հարցին ի պատասխան ես ասել եմ, որ ինձ  համար բարոյական իրավունքն ավելի կարևոր է, քան իրավականը: Այն ժամանակվանից ոչինչ չի փոխվել:

Ինչի՞ մասին եք երազում:

Մեր ժողովրդի միասնության, իմ և մեր բոլորի երեխաների  ու թոռնիկների բարեկեցության մասին, որպեսզի նրանք զերծ լինեն այն ցնցումներից ու տառապանքներից, որ տարել է մեր սերունդը:

Շնորհակալություն:

Ամենայն բարիք Ձեզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ