News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի (1780-1867) նկարն աճուրդում վաճառվել է 900 հազար եվրոյով: France Bleu ռադիոկայանը հաղորդում է, որ աճուրդը կայացել է Սեն-Վալերի-ան-Կո քաղաքում, գրում է ՏԱՍՍ-ը:

Կոմիսիոն վճարներով ամբողջական գումարը կազմել է 1 089 մլն եվրո: Աշխատանքը գնել է ԱՄՆ-ից կոլեկցիոները: Հեռուստաալիքն ընդգծում է, որ սա ըստ գումարի մեծության աճուրդում վաճառված Էնգրի երկրորդ նկարն է:

Դրանում պատկերված է կոմս Լուի Մատյե Մոլեն, որը պետքարտուղարի պաշտոն է զբաղեցրել:

Աճուրդի մասնագետ Բրյունո Ռոկինյիի խոսքով՝ «Մոլեի անձն այնքան հայտնի չէր XIX դարում, ինչի կապակցությամբ էլ նկարիչը կարող էր նրան հասարակ մատիտով նկարել, ուստի էսքիզը հատուկ արժեք ունի»:

Ռադիոկայանը նշում է, որ Էնգրի նկարները կարող էին պարզապես մի կողմ նետվել: Մի քանի ամիս առաջ Սեն-Վալերի-ան-Կոյի բնակչուհին իր տան նկուղում հնոտի իրերը դասավորելիս հայտնաբերել էր նկարչի մեկ այլ էսքիզ, սակայն չէր պատկերացրել, թե ինչ է դա եւ որոշել էր այն աճուրդի մասնագետի մոտ տանել:

Ռոկինյին խոստովանում է, որ չի հավատացել աչքերին, երբ տեսել է 1840 թվականին թվագրված Օռլեանի դուքս Ֆերդինանդ Ֆիլիպի դիմանկարը:

«Նա ինձ խնդրեց ազատվել դրանից (նկարից), - խոստովանում է նա,- եւ ինչ եմ ես տեսնում՝ Էնգրի ստորագրությունը»:

Փորձաքննությունը հաստատել էր, որ նկարը բնօրինակն է: Հետագայում այն 450 հազար եվրոյով վաճառվել էր Չինաստանից կոլեկցիոների: Ավելի ուշ այդ նկուղում գնտվել էր նաեւ Լուի Մատյե Մոլեն կոմսի դիմանկարը:

Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը համարվում է XIX  դարի եվրոպական ակադեմիզմի առաջատարը: Նրա աշխատանքները ցուցադրվում են  այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են Լուվրը, Օրսեն, Պտի Պալեն, Պուշկինի անվան արվեստի պատմության պետական թանգարանը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ