News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բացօթյա ապօրինի առեւտուր Երեւանում չպետք է լինի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Բանջարեղենից մինչեւ տոնական զարդարանքներ, հագուստ, ձկնեղեն, անգամ՝ մսամթերք: Բացօթյա ապօրինի առեւտուրն ամեն տարի աշխուժանում է հատկապես Ամանորի նախաշեմին: Արդյունքում գրեթե փակվում ու անանցանելի են դառնում մայթերը, կեղտոտվում փողոցները:

Նախազգուշացումներն ու տուգանքները մեր նպատակը չեն. քաղաքապետարանը բանջարեղենի եւ մրգի առեւտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առեւտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է. բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը եւ այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառն ըմպելիքներ:  Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երեւանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավելեւս՝ սննդամթերք:

Բացօթյա ապօրինի առեւտուրը վերացնելու համար Երեւանի քաղաքապետարանն աշխատանքի է անցել դեռեւս նոր տարվա առաջին՝ տոն օրերից:

«Ըստ մեր տվյալների՝ Երեւանի մի քանի փողոցներում մոտ 150 քաղաքացի զբաղվում է գյուղատնտեսական մթերքների ապօրինի վաճառքով: Այս առումով բողոքները շատ են նաեւ մեր քաղաքացիներից: Մինչեւ ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առեւտրի վերացմամբ, այնուհետ կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առեւտրին:  Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներն ու որակապես այլ Երեւան»,- ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Երեւանի հ. 2 (նախկին ԳՈՒՄ-ի) շուկան ժամանակին մերժում էր այստեղ առեւտուր անել ցանկացողներին. տեղեր չկային, այսօր հակառակն է:

«Փողոցային առեւտուրն, իհարկե, շատ է խանգարում, մարդիկ ավելի քիչ են շուկա գալիս: Այսօր շուրջ 250 ազատ տաղավար ունենք: Առաջին մեկ ամիսը տարածքները պատրաստ ենք անվճար տրամադրել, հետագայում էլ մատչելի գնով՝ մինչեւ 500 դրամով»,- նշում է հ. 2 շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը:

Փողոցային առեւտրի առատությունից դժգոհում են նաեւ խանութների տերերն ու վարձակալները. մարդիկ, որոնք գյուղմթերքի օրինական վաճառքով են զբաղվում, վճարում հարկեր, տուրքեր, սակայն հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում՝ փողոցում առեւտուր ծավալած քաղաքացիների համեմատ:

Այս պահին թեեւ քաղաքի փողոցներում հարաբերական բարվոք վիճակ է, սակայն որոշ փողոցներում ու շենքերի բակերում ապօրինի առեւտրի դեպքեր լինում են:

«Այս բոլոր օրերին պարբերաբար զգուշացրել ենք՝ դադարեցնել ապօրինի առեւտուրն ու տեղափոխվել շուկաներ: Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարեւանությամբ գտնվող շուկայում այս պահին կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար: Կարծում եմ՝ «տեղեր չկան, շուկաներում առեւտուր չկա» արտահայտությունները միայն պատճառներ են, որպեսզի չտեղափոխվեն այս տարածքներ եւ շարունակեն իրենց ապօրինի առեւտուրը»,- նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Գյուղատնտեսական ապրանքների առեւտրի համար տեղեր կան բոլոր վարչական շրջաններում: Դավթաշենում, օրինակ, հենց այդ նպատակով նոր շուկա է բացվել: Կենտրոնական զբոսայգու սկզբնամասում գտնվող այս տաղավարները սպասում են իրենց տերերին: Տեղը եւ՛ մարդաշատ է՝ անցուդարձի առումով, եւ՛ հարմար՝ առեւտրի համար:

«Առայժմ 20 տաղավար է տեղադրված, սակայն տնտեսվարողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ տարածքը կարող է ընդլայնվել: Առաջիկայում այստեղ նախատեսվում է ստեղծել նաեւ ձմեռային առեւտրի համար առավել հարմարավետ պայմաններ, կլինեն պահեստներ, տարածքն ապահովված է նաեւ կոմունալ հարմարություններով»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

Անթույլատրելի պայմաններ, անթույլատրելի մթերքներ, սանիտարահիգիենիկ նորմերի, հարկային օրենսդրության խախտում: Բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարը քաղաքապետարանն իրականացնում է ոստիկանության հետ համատեղ: Հունվարի 8-ից ստուգայցերը կանցկացվեն ավելի մեծ ծավալներով, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Քաղաքապետարանը սննդամթերքի առեւտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝  կազմակերպել նոր մինի-շուկաներ:

Խնդրի վերջնական կարգավորումը ոլորտի պատասխանատուները տեսնում են օրենսդրական դաշտում, երբ առավել կհստակեցվի բացօթյա առեւտրի ենթակա ապրանքների ցանկն ու առավել մեծ լիազորություններ կստանան քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերը:

Սակայն օրենքներից բացի, բացօթյա ապօրինի առեւտրի վերացումը կախված է յուրաքանչյուրիցս. գնե՞լ, թե՞ չգնել փողոցում, հենց գետնին վաճառվող ու առողջության համար վտանգավոր մթերքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ