Գերմանիայի քաղաքացին, ով կասկածվում է գերմանացի քաղաքական գործիչների տվյալների զանգվածային գողության եւ Twitter-ում դրանք հրապարակելու մեջ, հարցաքննության ժամանակ ասել է, որ միայնակ է գործել: Նա որպես իր գործողությունների շարժառիթ է անվանել քաղաքական գործիչների դեմ զայրույթը, որն առաջացել է նրանց հայտարարություններից եւ գործողություններից:
Այս մասին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Հեսեն դաշնային հողի դատախազ Գեորգ Ունգեֆուկը, հաղորդում է DW-ն:
Ունգեֆուկի խոսքով՝ խոստովական ցուցմունքից հետո 20-ամյա երիտասարդը ազատ է արձակվել, քանի որ արդարադատությունից թաքնվելու վտանգը բացակայում է:
Դատախազության տվյալներով՝ խուզարկության ժամանակ կասկածյալի եւ աջ արմատականների միջեւ կապն ապացուցող նյութեր չեն գտնվել:
Ավելի վաղ Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը (BKA) հաղորդել էր, որ գերմանացի քաղաքական գործիչների եւ VIP անձանց անձնական տվյալների զանգավածային գողության առնչության կասկածանքով ոստիկանությունը Հեսեսն հողից ձերբակալել է 20-ամյա երիտասարդի:
2018 թվականի վերջին համացանցում հրապարակվել էին Գերմանացի հարյուրավոր քաղաքական, արվեստի գործիչների, լրագրողների մասին տեղեկությունները: Իշխանություններն այդ մասին հայտնել էին միայն հունվարի 4-ին:
Համացանցում մասնավորապես հայտնվել էին տան եւ բջջային հեռախոսների, ֆաքսերի համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, սոցցանցերում եւ չաթերում նամակագրությունը, անձնագրերերի եւ կրեդիտային քարտերի համարները, վճարված հաշիվները, բանկային քաղվածքները, կուսակցական ցուցակները: