News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ: ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների /կառավարման/ խորհուրդների կազմերը, եւ առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր, որոնց ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները եւ բյուջեի կատարողականները, ինչպես նաեւ կհաստատվի բուհի բյուջեն:

«Բուհերի խորհուրդների ձեւավորման հապաղումը կապված էր երկրում տեղի ունեցող գործընթացների հետ. մեր ցանկությունն էր անել առավելագույնը, որպեսզի քաղաքական գործիչները եւ պաշտոնյաները քիչ տեղ ունենան խորհուրդների կազմում, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Ներկայիս իրավական կարգավորումները, իհարկե, որոշակի սահմանափակում են այս գործընթացը, սակայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը շուտով կդրվի շրջանառության եւ կանցնի քննարկումների փուլ,  վերջնականապես կլուծի խորհուրդների քաղաքականացման խնդիրը»,-նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ այսօրվա նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի յուրաքանչյուր բուհի խնդիրներին եւ հնարավորության դեպքում դրանց լուծումներ կտրվի:

Նիստի ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են այն հիմնական խնդիրները, որոնք ներկայումս առկա են բուհերում՝ բյուջեի հաստատում, ֆինանսական կայունություն, հավատարմագրման գործընթաց, շենքային, տեխնիկական  վերազինման եւ ենթակառուցվածքների արդիականացման հարցեր, մասնաճյուղերի գործունեություն, ինչպես նաեւ միջազգայնացման խնդիրներ:

Նիստին ներկա է գտնվել նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որը ներկայացրել է ատենախոսությունների պատրաստման եւ պաշտպանության գործընթացի հետ առնչվող որոշակի հարցեր: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը բուհերին կոչ է արել ակտիվ համագործակցել ԲՈԿ-ի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ուսումնական գործընթացի եւ քննությունների պատշաճ կազմակերպման եւ անցկացման հարցերին:

Տպել
Ամենաշատ