News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես նամակներ եմ ստանում, որ Հայաստանում որդեգրման գործընթացում արհեստական խոչընդոտներ կան եւ մեծ իրավաբանական քաշքշուկ գոյություն ունի: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, հարցը նուրբ է, բայց մեր քաղաքականությունն ինչպիսին է, մենք ուզում ենք խթանե՞լ որդեգրման պրոցեսը, թե՞ ուզում ենք արգելակել: Հայաստանում կան անզավակ ընտանիքներ, որոնք ուզում են եւ կուզենային երեխաներ որդեգրել:Չե՞ք կարծում, որ մենք իհարկե, ապահովելով համակողմանիորեն երեխաների շահերն ու երաշխիքները, պետք է աշխատենք առավել նպաստող քաղաքականություն վարել այս առումով»,-ասաց նա:

Ի պատասխան արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք համագործակցում են սոցիալական ծառայությունների հետ. «Այս ոլորտը կարգավորող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, նաեւ գործում է Սահմանադրությունը եւ մենք պետք է առաջնորդվենք շահերի հավասարակշռման իրավունքների ապահովման սկզբունքով: Այս ոլորտում եղել են կասկածներ, որ որդեգրումն իրականացվում է երեխաների շահերի խախտմամբ: Մենք կատարել ենք հետազոտություններ, մշտապես այցելում ենք արտասահմանում որդեգրված երեխաներին, տեղում ծանոթանում ենք պահման պայմաններին:

Մենք եւս մեկ անգամ կնայենք այս ընթացակարգերի արդյունավետությունը ժամանակակից տեխնոլոգիաների լույսի ներքո, որպեսզի հնարավորինս մատչելի լինի եւ նաեւ ապահովված լինեն իրավունքները, որոնք պարտավորված ենք ապահովել միջազգային կոնվենցիաներով»,-ասաց Զեյնալյանը:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Եթե մենք ունենք պոտենցիալ, որ հնարավորինս մեծ թվով երեխաներ տեղափոխվեն ընտանիք, մենք կարողանանք այդ պրողցսը խթանել եւ այդ ճանապարհին արհեստական ոչ մի խոչընդոտ չհարուցել»:

Նա նշեց, որ իսկապես, կան տեղեկություններ, որ երեխայի որդեգրումը փող արժի՝ սկսած տեղեկատվություն տրամադրելուց. «Բոլորը գիտեն, որ այդպիսի խնդիրներ կան: Պետք է ստուգել»:

Տպել
Ամենաշատ