News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գործող ընթացակարգերի պայմաններում երեխա որդեգրել ցանկացող անձինք տեղեկատվությունն ստանում են մարզպետարաններից եւ այստեղ մենք շատ բողոքներ ունենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:

«Այդ տեղեկատվությունը հասանելի է միայն մարզպետարանների այդ ստորաբաժանումների միջոցով: Ով կարողանում է շուտ տեղեկատվություն ստանալ այդ երեխաների մասին, իրենք առաջինն են ներկայացնում երեխայի հետ հանդիպելու դիմումը: Ըստ կառավարության որոշման նախապատվությունը տրվում է նրան, ով առաջինն է դիմումը ներկայացրել»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերաքրքրվեց՝. «Այսինքն մենք չունե՞նք ցանկ որդեգրել ցանկացող ընտանիքների», ինչին փոխնախարարը պատասխանեց. «Առաջին քայլն այն է, որ ընտանիքը դիմում է իր բնակության վայրի մարզպետարան կամ Երեւանի քաղաքապետարան, սահմանված փաստաթղթերի ցանկը ներկայացնում է եւ եթե ստանում է դրական եզրակացություն, ապա հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ: Հետո այդ ամենը փոխանցվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Ներկայումս մենք 300 երեխա ունենք որդեգրչման ենթակա եւ մոտ 140 ընտանիք ցանկացել է երեխա որդեգրել եւ 47 օտարերկրացիների ընտանիքներ: Խնդիրն այն է, որ այդ երեխաները հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներ են, իսկ որպես կանոն հատկապես տեղացի ծնողները ցանկանում են առողջ երեխա որդեգրել»:

Նրա խոսքով, հենց որ առողջ երեխա է հայտնվում մեր բազաներում, ով առաջինը դիմում գրում է, իրենց էլ տրվում է նախապատվությունը:

«Եթե ծնողները հրաժարվել են երեխայից, երեխան հաշվառվում է որպես որդեգրման ենթակա: Մենք մանկատներում ունենք երեխաներ, որոնց ծնողները չեն հրաժարվել իրենց ծնողական իրավունքներից, նրանց որդեգրման ենթակա չեն: Նախապատվությունը տրվում է տեղացի ծնողներին, բայց երեք ամիս անց, տեղեկատվությունը փոխանցվում է նաեւ դուրս»,-ասաց Արսեն Մանուկյանը:

Իր հերթին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք այստեղ գործ ունենք ոչ թե զուտ կոռուպցիայի, այլ մաֆիայի հետ: Ես վերջին ամիսներին փորձել եմ համառորեն այդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ, որ շատ մոտ է ամեն բան բացահայտվելուն, բայց մինչեւ վերջ չեմ կարողացել արդյունք գրանցել:

Ընդ որում, գումարները, որոնք սկսվում են մանկատներում, շարունակվում այլ մարմիններում, այսբերգի գագաթն է: Շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք, մասնավորապես, երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում արտասահման որդեգրվողների: Դեռ ոչ մի դեպք չի բացահայտվել, բայց շարունակաբար, չգիտեմ հիմնավոր, թե անհիմն, կասկածներ կան, որ հատկապես երեք ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման եւ այդ երկրները հայտնի են վատ առումով: Երբեմն կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաների տարբեր երկրներից, եւ հետագայում այդ երեխաները կարող են զրկվել ասենք մի երիկամից»:

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե այդպիսի դե՞պք է գրանցվել, Արարատ Միրզոյանը բացասական պատասխան տվեց. «Օդում կախված համառ լուրեր կան: Մենք այստեղ լրջագույն վերահսկողության խնդիր ունենք»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ նշեց, որ այդ գործընթացը մշտապես գտնվում է իրենց վերահսկողության ներքո եւ մինչեւ հիմա նման բան տեղի չի ունեցել, որ Հայաստանից երեխա որդեգրեն ու օրգանների համար օգտագործեն:

Տպել
Ամենաշատ