News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ հանրակրթության վարչությունների պատասխանատուները շարունակում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում եւ մանկապարտեզներում:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այցերի նպատակը կրթօջախներում առկա բուժկետերի պայմանների ստուգումն է, ինչպես նաեւ սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված ընդհանուր իրավիճակին ծանոթանալը:

«Մենք սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք, չենք արձանագրել: 2019թ.-ի այս սեզոնը համարյա չի տարբերվում 2018թ.-ից:  Համաճարակաբանական ֆիլտր է իրականացվում բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում եւս երեխաները ստուգվում են: Հիվանդության որոշակի նշաններով երեխաներին ծնողների հետ պայմանավորվածության արդյունքում անմիջապես տուն են ուղարկում, որպեսզի կանխարգելվի հիվանդության հետագա տարածումը»,- նշել է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը: 

Երեւանի Լեւոն Շանթի եւ Աղասի Խանջյանի անվան դպրոցներում, ինչպես նաեւ թիվ 17 մանկապարտեզում, ուր այցելեցին քաղաքապետարանի պաշտոնյաները, բուժկետերն ապահովված էին անհրաժեշտ դեղորայքով ու պարագաներով: Երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր, բուժքույրերը կոչ են անում ծնողներին սուր շնչառական վարակներով երեխաներին չբերել դպրոց եւ մանկապարտեզ: 

Ուսումնական գործընթացի լիարժեք անցկացման համար կրթօջախներում անհրաժեշտ ջերմաստիճանը եւս ապահովված էր:

«Վաղօրոք ջեռուցվել են դպրոցները՝ ապահովելով անհրաժեշտ ջերմաստիճան: Բացակայության հաշվառում է արվում բուժաշխատակիցների հետ համատեղ, եւ գրիպի փոքր իսկ նշաններ ունեցող երեխաներին տուն են ուղարկում: Այո, կան բացակայություններ, եւ այդ տոկոսը հունվարի 8-ի համեմատ այսօր արդեն նվազել է»,- նշել է հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը:

Քաղաքապետարանի պատասխանատուները զրուցել են մանկավարժների ու աշակերտների հետ, խորհուրդ տվել հաճախակի օդափոխել դասասենյակներն ու հորդորել հիվանդության ցանկացած նշանի դեպքում մնալ տանը եւ լիարժեք առողջանալ: Համայնքային կրթօջախներում ստուգայցերը կլինեն շարունակական:

Տպել
Ամենաշատ