News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 9-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային (Andrzej Duda)։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր առնչություններին եւ բարեկամությանը, Լեհաստանի հայկական համայնքի ներդրմանը երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին։

Կողմերն առանձնակի կարեւորեցին Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական եւ մշտապես վերելք ապրող միջպետական հարաբերությունները։ Ընդգծվեց փոխայցելությունների միջոցով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը։ Օրակարգային դիտարկվեց առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ երկուստեք գործարար համայնքներին աջակցությամբ եւ խրախուսմամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵՄ Արեւելյան գործընկերության ձեւաչափին, դրա շրջանակներում Լեհաստանի առաջնորդող դերակատարությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը։

Դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի նախագահին ներկայացրեց 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, հեղափոխական վերափոխումների գործընթացը, տեղեկացրեց նորընտիր խորհրդարանի առաջիկա նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաեւ՝ նոր կառավարության ձեւավորման վերաբերյալ։

Հավատարմագրերի հանձնման արարողակարգային միջոցառումների շրջանակներում դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ