News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 21
Տեսնել լրահոսը


«Մարտի մեկի» գործով  քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի մեկի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը: Ըստ գործի նյութերի՝ Մարտի մեկի իրադարձություններին նրա մասնակցությունը պարզելու համար Վահագն Հարությունյանը ենթադրյալ բռնություն է գործադրել Բարեղամյանի նկատմամբ: Հենց այս ցուցմուքն էլ դրված է Հարությունյանին առնչվող երկու նոր մեղադրանքներից մեկի հիմքում: NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը խոսել է իրեն վերագրվող նոր մեղադրանքների, դատարանի կողմից Ամանորի նախօրեին երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու, Մարտի մեկի գործի բացահայտման, Հայաստան վերադառնալու և այլ հարցերի շուրջ:

Ծանո՞թ եք Ձեզ վերագրվող նոր մեղադրանքներին. արդյոք ընդունու՞մ եք դրանք:

Նոր մեղադրանքն ինձ համար զարմանալի չէ,  գրեթե նախորդի կրկնությունն է՝ որոշակի խմբագրմամբ: Մեղադրանքում նույն քաղաքական ձևակերպումներն ու գնահատականներն են: Սա շարունակությունն է իմ նկատմամբ իրականացվող հետապնդման, սա ընդհանուր աղերս չունի արդարադատության կամ քրեական դատավարության հետ: Պարզ է, որ չեմ ընդունում այդ մեղադրանքները. դա շատ վատ կազմակերպված սցենար է, վատ կազմակերպված թատրոն, որի նպատակը մեկն է՝ ստեղծել արհեստական աղմուկ, արհեստական հետապնդման հիմքեր:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնություն գործադրելու զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքները ե՞ւս առնչվում են «Մարտի մեկի» գործին:

Այո, պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է փամփուշտներ կեղծելուն, որին զուգահեռ իբրև ինչ-որ փաստաթղթեր են կեղծվել և այլն: Երկրորդ մեղադրանքը վերաբերում է բռնությունների գործադրմանը: Բռնություն գործադրելու մասով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել դեռևս 2018թ. օգոստոսին: Այն անձը, ում նկատմամբ իբրև թե ես բռնություն եմ գործադրել, հարցաքննվել  և ցուցմունքներ է տվել դեռևս օգոստոսին. խոսքը «Մարտի մեկի» գործի շրջանակներում դատապարտված Արամ Բարեղամյանի մասին է. իր խիղճն իր հետ: Այն, որ ի սկզբանե որոշում էր եղել ինձ մեղադրելու, ակնհայտ է: Երբ համոզվեցին, որ փամփուշտների կեղծման մեղադրանքն, ըստ էության փլվել է, իսկ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կալանքի հիմնավորվածությանն անդրադարձավ, քրեական հետապնդումը լիարժեք շարունակելու և  իրենց նպատակին հասնելու համար ստիպված գնացին մեղադրանքը բռնությունների մասով լրացնելու ճանապարհով: Փորձեր են արվել ոչ միայն Մարտի մեկի գործով անցնող անձանց  նկատամամբ ենթադրյալ բռնությունների դեպքերը բացահայտել, այլև իմ աշխատած տարիներին քննված քրեական գործերով:  Այն աստիճանի էին ստորացել, որ պատրաստ էին նաև օգտագործել  հանցագործների ակնհայտ սուտ ցուցմունքներ, բայց  կարծես թե այդ խայտառակությունից հետ կանգնեցին:

Խոսքը քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործի մասի՞ն է:

Այո, սակայն այդ գործն առավել քան ապացուցված և հիմնավորված է, և այդ գործով ինչ-որ բան խոսելն ուղղակի անբարոյականություն է, քանի որ այդ գործով կատարվել է ահռելի մեծ ծավալի քննություն:

Հնարավո՞ր է երկու նոր դրվագներով Ձեզ որպես մեղադրյալ ներգրավվելը հետևանքն է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին Ձեր կողմից վերջերս  հնչեցրած կոշտ գնահատականների:

Այն, որ մեղադրանքն անձնավորված է, դա միայն Սասուն Խաչատրյանով պայմանավորված չէ: Միայն նա չէ այս ամենը որոշում, շատ բաներ ուղղակի թելադրում են նրան, և այդ որոշումները նաև գրած տալիս են:  Իմ վրդովմունքը Սասուն Խաչատրյանի խամաճիկ լինելուց է, որ առանց մտածել՝ անում են  քայլեր, որոնց համար վաղը, չգիտեմ, ոնց են պատասխան տալու:

Այս ընթացքում Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալու խոստման դիմաց  դադարեցնել ձեր նկատմամբ քրեական հետապնդումը:

Նման առաջարկներ եղել են թե՛ մինչ ինձ մեղադրանք առաջադրելը, և թե՛ դրանից հետո: Այս ընթացքում էլ կրկին առաջարկ եմ ստացել իրենց ցանկալի արդյունքների կամ վարկածի վերաբերյալ  ցուցմուքններ տալու, որպեսզի խուսափեմ հետագա հետապնդումից: Սակայն պատասխանները եղել են միանշանակ և շատ կոշտ:

Տեղյակ եղե՞լ եք ՀՔԾ-ի կողմից ձեր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուց:

Դեկտեմբերի  30-ին դատարանը գաղտագողի որոշում է կայացրել, առանց իմ պաշտպանի մասնակցության, ինչը պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտում է: Իմ նկատմամբ առաջին կալանքի որոշումից անցել է երկու ամիս, և չկա որևէ հիմնավոր կասկած, որ ես փորձ եմ արել խոչընդոտել քննությանը, ներազդել վկաների վրա, իրականությանը չհամապատասպանող տվյալ ներկայացրել կամ ապացույց կեղծել:

Տպավորություն է, որ դուք թաքնվում եք քննությունից:

Ես  քննությունից չեմ թաքնվում, չեմ թաքնվել և չեմ թաքնվելու:

Այս ընթացքում վարույթն իրականցնող մարմինը փորձ արե՞լ է կապ հաստատել ձեզ հետ:

Իրենք փորձ չեն արել, ես էլ նորից փորձ չեմ արել, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, դրա կարիքը չկա, քանի որ տեսնում եմ նրանց որդեգրած քաղաքկաանությունը, գործելաոճը, և նրանց հետ ինչ-որ հարց քննարկելու առիթ չեմ տեսնում:

 Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը:

Անհիմն մեղադրանքին հապճեպ էլ ավելի անհիմն մեղադրանք ավելացնելը վկայում է այն մասին, որ ՀՔԾ-ն, պարոն սուպեր Սասունի գլխավորությամբ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, ցանկացած ծավալի ապօրինության:

Կարելի՞ է ասել, որ այսօր Մարտի մեկի գործը լիովին բացահայտված է:

Ի՞նչ ասել է բացահայտել կամ ի՞նչն ենք ուզում բացահայտել: Այս գործով ժամանակին ահռելի ծավալի քննություն է կատարվել: Այն, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություներ, Սասունը չէ, Սասունի նման 700 Սասուն էլ գան՝ չեն կարող վիճարկել,  որովհետև կան ակնհայտ բաներ, որոնք ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չես կարող անտեսել. այրված մեքենաներ, վիրավորված մարդիկ, թալանված  խանութներ և այլն: Կան տեսանյութեր, բազմաթիվ այլ ապացույցներ, և ինչքան էլ ուզում ես սուպեր Սասուն եղիր, գերազանց աշխատելու ցանկություն ունեցիր, որևէ  բան ասել չես կարող: Մեր հասարակության  համար Մարտի մեկի հիմնական բացահայտում ասածը ասոցացվում է  10 անձանց սպանությունների հանգամանքների բացահայտման հետ:

Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը մի՞թե ծանրակշիռ չէ:

Սահմանադրական կարգը տապալելը Մարտի մեկի գործի բացահայտման հետ ի՞նչ կապ ունի,10 անձանց մահվան հետ ի՞նչ կապ ունի այդ հորինված հեքիաթը: Շատ երկար ժամանակ էր պետք նման հիմարություն հորինելու համար: Ոչ ոք չի ասում, որ մենք 10 անձանց մահվան հանագամանքերը բացահայտել ենք, բայց այդ ուղղությամբ հսկայածավալ քննչական և օպերատիվ գործողություններ են կատարվել, որոնք քրեական գործում առկա են: Ի՞նչ կապ ունի Սահմանադրական կարգը 10 անձանց սպանությունների հանգամանքերի հետ:

Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ Հայաստան, և ի՞նչն է պատճառը, որ չեք ներկայանում վարույթն իրականցող մարմնին:

Վերադառնալը որևէ բանով պայմանավորված չէ, նույնիսկ կալանքի և հետախուզման առկայության հետ: Ես կվերադառնամ և վերադառնալու եմ, դա մեկը մյուսի հետ կապ չունի: Ժամկետների հետ կապված հստակ չեմ կարող ասել, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, և բուժումս դեռ չի ավարտվել:

Թագուհի Մելքոնյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով դատարանը գտել է՝ հիմնավոր կասկածը բացակայում է․․․
Մարտի 1–ի 10 զոհերի մասով առանձին քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա. Նիկոլ Փաշինյան
Հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով...
Վերաքննիչը մերժեց Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչել
Նա նաև տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու են, սակայն դեռևս չգիտեն, թե որ ատյանում կներկայացնեն բողոք...
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված. պաշտպանական խումբ
Դատարանը չի անդրադարձել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին...
Մարտի 1-ի գործով նիստերը դռնբաց կանցկացվեն․ Քոչարյանի պաշտպան
Թող ՀՔԾ-ն այլեւս չփորձի իմ գործընկերոջը սուտասան ասել․․․
Դատարանը բացառեց Ռոբերտ Քոչարյանի թաքնվելու հնարավորությունը․ պաշտպան
Նա հայտնեց, որ որոշումը բողոքարկելու են, քանի որ դատարանը չի կարող կաշկանդված լինել նախկին խափանման միջոցները բավարարելիս․․․