News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դա երկրի իշխանության օրենսդիր մարմնի վերաբերյալ ոչ կոռեկտ մեկնաբանություն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի նախկին խոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ այն անձինք, որոնց աշխատանքը կառավարությունում Նիկոլ Փաշինյանին չէր գոհացնում, գործուղվեցին Ազգային ժողով:

«ԱԺ-ում աշխատանքը միգուցե ոչ պակաս պատասխանատու գործ է: Ես չեմ կարծում, որ գործադիրում աշխատելը, կամ մարզպետ աշխատելը պակաս պատասխանատու է, քան ԱԺ պատգամավոր աշխատելը: Եկեք Ազգային ժողովին չվերաբերվենք որպես երկրորդական մարմնի»,-ասաց Եղոյանը:

Նա նշեց, որ մամուլի խոսնակի պաշտոնում իրեն փոխարինողի հարցը կորոշի վարչապետը, իսկ ինքը կզբաղվի օրենսդրական աշխատանքով:

Հարցին, թե ԱԺ պատգամավորի պաշտոնը իր երազանքների պաշտո՞նն է, ծառայողական մեքենա, բարձր աշխատավարձ, գործուղումներ, նա արռագանքեց. «Ես համոզված չեմ, որ ունենալու եմ ծառայողական մեքենա, պետք էլ չի»:

Հարցին, թե ընտրողն ինչ հույսեր է կապել իր հետ, Եղոյանը պատասխանեց. «Քանի որ ես ընտրվել եմ համամասնական ցուցակով, իմ ընտրողները հույս են կապել դաշինքի հետ եւ ընտրել են դաշինքը, հետեւաբար, նաեւ ինձ: Դրանք այն հույսերն են, որ մարդիկ կապում են «Իմ քայլը» դաշինքի եւ գործող կառավարության հետ»:

Նա ընդգծեց, որ արդեն կան մի քանի գաղափարներ, որոնք մշակման փուլում են եւ գործընկերների հետ քննարկելուց հետո կփորձեն օրենսդրական նախաձեռնությունների տեսքով ներկայացնել, սակայն չցանկացավ նշել, թե որ ոլորտից են դրանք. «Չասեմ էլի: Դա միտված է լինելու աջակցել կառավարությանը, մեր հայտարարած ծրագրերի իրականացմանը»:

Հարցին, թե ինչպես եք պատրաստվում լրացնել օրենսդրական գործունեության բացը, Եղոյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա բաց է: Ճիշտ է, Ազգային ժողովում օրենսդրական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց ես իմ առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, սովորել եմ ԵՊՀ-ում, եւ կարծում եմ՝ շատ արագ հունի մեջ կմտնեմ»:

Եղոյանը նշեց, որ խորհրդարանում ընդդիմության հետ աշխատանքը պատկերացնում է շատ կառուցողական, աշխատանքային:

Տպել
Ամենաշատ