2018թ. դեկտեմբերի 21–ին գրավի դիմաց կալանքից ազատված գեներալ Մանվել Գրիգորյանի համար գիշերը շտապօգնություն են հրավիրել։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին, Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը կալանքից ազատվելուց հետո այցելում է հիվանդանոց, ստանում է թե՛ ամբուլատոր, և թե՛ ստացիոնար բուժում։
«Եթե մարդու վիճակը ծանր է, չի նշանակում, որ նա պետք է անկողնուն գամված լինի»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: