News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 07
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու տեղեկությունների շուրջ քննարկումները համացանցում չեն դադարում։

Հրապարակախոս Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մեղադրելով լրագրող Զարուհի Մեջլումյանին, որ «Սորոսի» հիմնադրամից գումար է ստացել՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար։

«Էս էլ բոլոր էն միամիտների համար, ովքեր մինչև հիմա հավատում էին, որ Զարուհի Մեջլումյանը անվճար է մարդասպանին հերոսացրել։

Հ.Գ. Աղաջանովի երեխու դիակի փողից 10000$ մարդասպան մհեր ենոքյանինն էր, 10000$՝ մարդասպան արամ հարությունյանինը, և 10000$՝ լրագրող Զարուհի Մեժլումյանին։ Իտավո ստացվեց 30000$ հավասար ախպերափայ»,- գրել է Նարեկ Մալյանը և հրապարակել իր ասածըհաստատող փաստաթուղթ։

Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նարեկ Մալյանին՝ գրելով, որ իր անձնական կյանք ներխուժելու, սպառնալիքներ տալու համար ինքն իրավական ճանապահով է գնալու։

«Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կարգավիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքի, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում»,- գրել է նա։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ Լիանա Դոյդոյանն էլ իր ֆեյսբուքյան էջում մեղադրել է լրագրող Զարուհի Մեջլումյանին եւ «Հետք» կայքին՝ դրամաշնորհի հիման վրա նյութեր հրապարակելու համար։

«Չէ, դե հերիք եղավ հիմա էլ մարդասպանի հետ կապեք անմնացորդ սերը, սիրեցյալ.... Չի կարելի, սերը ուժեղ է, այն չի հանդուրժում սուտը, սույրսայր դանակով նույնչափ ուժգին կխորտակի իր հետ խաղացողին։ Իսկ չե՞ք մտածում, որ սեր չկար ու չէր կարող լինել։ Զարուհի, չես համոզում, որքան էլ իբր փաստերով ես ուզում խոսել, հիմա էլ՝ թե անձնական կյանք են ներխուժում։ Չէ, Զարուհի, դու ազնիվ լինեիր. որպես լրագրող չէիր կարող հաճախակի կամ ընդհանրապես օրինական այցելել մահապարտին, միայն մեկ տարբերակ կար՝ զագսավորված կինը լինել, և պարբերաբար, օրինական այցելել բանտ, ոչ միայն այդ մի դեպքով, այլ՝ մյուս դեպքերի համար ևս մանրամասներ ունենալ։ Իսկ Հետք-ի խմբագիրը, թույլ տվեք ինձ ասել հաստատապես, հնարավոր չէ՝ չիմանար ձեր զագսավորման մասին, բայց չի ասվել, ու շարունակել եք Մհերի վերաբերյալ հոդվածները տպագրել հետքում։ Ինչպե՞ս, չէ որ հետք էթիկայի և բարձր լրագրության իբրև թե չափանիշն է։

Հետքի խմբագիրն այսօր պետք է, որ ասելիք ունենա (ասում եմ ցավով, որպես հետաքննող լրագրողների ընկերակցության ՀԿ-ի հիմնադիր անդամներից մեկը, հետքի նախկին լրագրող, և լուրջ ակնկալիքով, որ Էդիկը կխոսի առնվազն 2013 թվականից հետո Զառայի հեղինակած Մհերի մասին նյութերի հրապակման վերաբերյալ)։ Կարո՞ղ է լինել նաև այս տարբերակը՝ որ հենց Հետքն է որոշել ֆիկտիվ զագսավորման տանել Զարուհուն՝ ապահովելու թեմայի հետքաննությունը և գրանտային ծրագրերի պաբերականությունը։ Լռել են, իբրև թե մասնագիտական մեթոդներ չեն բացահայտում, շատ դեպքերում են Հետքի լրագրողները կերպարանափոխության մեթոդով նյութեր գրել, հիմա էլ սա է եղել մեթոդը, ու այստեղ գալիս է՝ նպատակը արդարացնում է մեթոդները. մոտեցումը։ Զառա, հիմա էլ ազնիվ չես, թեկուզ հանուն մարդասիրական մղումների՝ մարդասպանին ազատության մեջ տեսնելու, պետական պաշտոնդ պիտի թողնես՝ հանուն արդարության, այո պիտի ինքդ նախ լիովին ազնիվ լինես, այո. հանրության հետաքրքրություն և կրքեր շարժող թեմայում պիտի անձնականդ էլ պատրաստ լինես բացել՝ հանուն արդարության։ Թե չէ, չես համոզում։ Սերը սույրսայր դանակ է, կխորտակի իր հետ խաղացողին»,– գրել  է նա։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Նշենք, որ հանրապետության տարբեր հիվանդանոցների թվով 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով դեմ են արտահայտվում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակմանը։

Տպել
Ամենաշատ