
Թբիլիսիի կենտրոնում՝ Մցխեթա փողոցում, երիտասարդ տղամարդուն հրազենից վիրավորել են, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը: Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել հանցագործության վայրից, տուժածը հոսպիտալացվել է:
«Պացիենտին հոսպիտալացրել են շտապ օգնության բրիգադի ընդունիչ բաժանմունք: Նրա մոտ բազմաթիվ հրազենային վնասվածքներ եւ ոսկերի բազմաթիվ կոտրվածքներ են հայտնաբերվել: Տուժածի սրունքների երկու ոսկրերը վնասված են», - Imedi հեռուստաալիքին ասել է բժիշկ Լեյլա Գաբելիան:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ: Քննությունը կատարվում է առողջությանը «ծանր վնաս պատճառելու», ինչպես նաեւ «զենքի ապօրինի պահպանում, կրում, ձեռքբերում» հոդվածներով: Դեպքի վայրում մինչ ուշ գիշեր քննչական միջոցառումներ են կատարվել: