News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքներով խորհրդարանի նախագահ ընտրվեց միակ թեկնածուն՝ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Արարտ Միրզոյանը (ֆոտոռեպորտաժ):

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել են ԱԺ բոլոր 132 պատգամավորները: Կողմ է քվեարկել 131, դեմ՝ 0 պատգամավոր: Մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել:

Հատկանշական է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս որոշել էր կողմ քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը՝ չառաջադրելով սեփական թեկնածուին:

Նշենք, որ ԱԺ նախագահն ընտրվում է ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: Նա մոտեցավ եւ սեղմեց ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների ձեռքը, ապա իր տեղը զբաղեցրեց ԱԺ նախագահությունում:

Արարատ Միրզոյանի կենսագրությունը

Արարատ Միրզոյանն աշխատել է «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամում:

Աշխատել է «Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդական հիմնադրամում» (NIMD) որպես քաղաքական եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:

Աշխատել է «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում» (IFES) որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող

Եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես արխիվագետ:

Դասախոսել է Երեւանի պետական համալսարանում։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել