News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության անունից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը: Նա ներկայացրեց Լենա Նազարյանի կենսագրությունը:

Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շփոթվեց եւ Լենա Նազարյանին ելույթի հնարավորություն տալու փոխարեն հայտարարեց, որ անցնում են մտքերի փոխանակության: «Վայ, իսկապես, ես առաջին իսկ հնարավորության դեպքում խախտեցի կանոնակարգը»,-կատակով նկատեց Արարատ Միրզոյանը:

Իր ելույթում Լենա Նազարյանը նշեց, որ գործելու են ԱԺ-ի եւ կառավարության անխափան կապ ապահովելով:

«Մեր մասին հաճախ ասում են, որ փորձ չունենք: Այո, մինչեւ հեղափոխությունը ես եւ իմ թիմակիցներից շատերը՝ լինելով երիտասարդ գործիչներ, հիմնականում զրկված ենք եղել պետական մարմիններում փորձ կուտակելու հնարավորությունից, սակայն մենք ունենք մեր անցած ուղիով ձեռք բերված փորձը, անանցանելի խոչընդոտներ հաղթահարելու փորձ, սեփական ուժերին ապավինելով փոխօգնությամբ գործելու փորձ, չհանձնվելու փորձ: Որոշումների կայացման գործում մենք պետք է լինենք ներառական, ականջալուր լինենք մեր որոշումների ազդեցություններն իրենց վրա զգացող մարդկանց ու խմբերին, հաշվի առնենք ոլորտային խմբերի շահերը»,-ասաց Լենա Նազարյանը:

Նրա խոսքով, ԱԺ-ի կարեւոր ֆունկցիաներից է կառավարության վերահսկողությունը. «Իհարկե, մենք պետք է համագործակցենք կառավարության հետ ներքին ու արտաքին բարեփոխումների աշխատանքներում, բայց նաեւ պետք է վերահսկենք կառավարությանը: Նոր կառավարությունն էլ հավատարիմ մնալով իր թափանցիկության սկզբունքներին, չի կարող ունենալ ամեն ինչի հետ համաձայնող խորհրդարանի ակնկալիք»:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Լիլիթ Մակունցն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ