News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն ընդդիմություն է միայն ու միայն օրենքի ուժով: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Դժվարանում եմ ասել, թե հարմար պահին, ավանդույթի համաձայն, նրանք իրենց ինչ են կոչելու առաջիկայում՝ այլընտրա՞նք, ոչ իշխանական ո՞ւժ, թե՞ ընդդիմություն:

Մանե Թանդիլյան, թե Վահե Էնֆիաջյան, կամ ԼՀԿ, թե ԲՀԿ ընտրության կարեւոր շերտը, ըստ իս, ապագայի եւ անցյալի ընտրություն է: Որպես ապագային միտված քաղաքական ուժ, որի խնդիրը վաղվա լուսավոր օրվա երաշխավորումն է, հույս ունեմ, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, ի հեճուկս կայացված քաղաքական որոշման ընտրություն կկատարեն հանուն վաղվա, հանուն ապագայի՝ բացառելով երեկվա երեկը, անցյալը, խավարը»,-հայտարարեց Բաբաջանյանը:

Նա դիմեց ԲՀԿ-ականներին՝ նշելով. «Մենք ձեզ հետ վեճ ու կռիվ չունենք: Խորհուրդս ձեզ ու գլադիատորական տեսարանների սիրահարներին, չարժե ուրախացնել ԼՀԿ- ԲՀԿ նոր «արյունոտ» տեսարաններով»:

Բաբաջանյանն ուրախություն հայտնեց, որ այս հարցը «Իմ քայլը» դաշինքի ներսում թեժ քննարկումների առիթ է տվել. «Սա նշանակում է, որ ամեն ինչ կորսված չէ եւ հետադիմական այդ որոշումը դուք կարող եք սրբագրել ու փոխել՝ ի ցույց դնելով ձեր քաղաքական սկզբունքայնությունն ու հասունությունը»: Նա ընդգծեց, որ իշխող ուժի կողմից լայնախոհության պակասը կարող է խնդիրները դուրս բերել ԱԺ շենքից:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ