News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները Աժ փոխնախագահի պաշտոնում ընտրելու են ԲՀԿ-ի ներկայացուցչին: Իբրև թե լինելու է թիմային քվեարկություն: ԱՅս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը։

«Միանգամից արձանագրենք. ինչպես ԲՀԿ ներկայացուցչին ընտրելու վերաբերյալ հիմնավորումներն են անլուրջ, այնպես էլ՝ թիմային քվեարկության պատրանք ստեղծելու փորձերը: Սահմանադրության մեջ գրված չէ, որ ընդդիմադիր փոխնախագահը պետք է ընտրվի հատկապես երկրորդ ամենամեծ քաղաքական ուժից: Ընդհակառակը՝ գլխավոր իրավական փաստաթղթում արձանագրված է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:

Այսինքն կառավարող ուժի կայացրած որոշումը արհեստական է ու որևէ քննադատության չդիմացող: Պարզից էլ պարզ է, որ այս պարագայում դաշինքի համար որևէ սկզբունքային հարց չի լուծվում. և քվեարկությունը կարող էր ազատ լինել:

Նշենք, որ թիմային քվեարկության որոշում որպես կանոն կայացվում է հատկապես այն ժամանակ, երբ խմբակցությունն ինչ-որ սկզբունքային քաղաքական հարց է փորձում լուծել: Այսինքն այս դեպքում «Լուսավոր Հայաստանին» որևէ հավելյալ լիազորություն չտալը սկզբունքի հարց էր ու ես կասկածում եմ, որ այդ որոշումը կայացվել է հենց վարչապետի աշխատասենյակում:

Պարզապես զավեշտալի է քվեարկությունն այդ թիմային անվանելը, որովհետև դա ավելի շուտ պարտադրված քվեարկություն էր: Այո՛, պատգամավորներին պարտադրել են, որպեսզի նրանք քվեարկեն Էնֆիաջյանի օգտին: Ես հստակ տեղեկություններ ունեմ, որ մի մասը ընդդիմացել է՝ փորձելով դիմադրել այդ կամայական միջամտությանը, բայց հաջողություն չի արձանագրվել: Հասկանալի է, պատգամավորները չեն ցանկացել հենց առաջին օրով խնդիրներ ստեղծել ու կոնֆլիկտի մեջ հայտնվել կուսակցական ղեկավարության հետ:

Ակնհայտ է նաև, որ վարչապետն արդեն իսկ փորձում է ամբողջական վերահսկողության տակ պահել խորհրդարանի աշխատանքներն ու անհրաժեշտության դեպքում նաև միջամտել՝ պարտադրելով իր կամքն ու քմահաճույքը: Այսինքն նախնական տպավորությամբ Փաշինյանը օրենսդիր իշխանությունը դիտարկում է խամաճիկի կարգավիճակով, որը պետք է կյանքի կոչի գործադիրի բոլոր քմահաճույքներն ու որոշումները:

Հայաստանը չունի պառլամենտարիզմի ավանդույթներ ու վստահ եմ մոտ ապագայում չի էլ ունենա, քանի դեռ Փաշինյանը շարունակում է միջամտել խորհրդարանի աշխատանքներին ու իր կուսակցական ժողովները անցկացնում է ԱԺ նիստերի դահլիճում:

Տեսեք, վարչապետը որոշում է կայացնում ու դրա կյանքի կոչումը փաթաթում խմբակցության վզին: Իսկ խմբակցությունը չունի այնպիսի մի ղեկավար, որն ի զորու կլինի Փաշինյանին ցույց տալ դռան կողմը՝ հորդորելով չմիջամտել իրենց աշխատանքներին: Այո՛, անուշիկ պուպուշիկ ու մշակութային Լիլիթ Մակունցը դիմադրելու որևէ շանս չունի, նա չի կարող ասել. «պարոն վարչապետ, գնացեք Ձեր գործով զբաղվեք»:

Տեսականորեն պատգամավորներից ոչ ոք չի կարող ազատագրվել գործադիրի տիրապետությունից, քանի որ 88 պատգամավորներից առնվազն 70-ը քաղաքական իմաստով գոյություն չունեն: Իսկ գոյության նշույլների համար էլ պարտական են վարչապետին: Պարտավորության հենց այս զգացողությունն էլ դառնալու է խորհրդարանի բնականոն աշխատանքի գլխավոր խոչընդոտներից մեկը:

Կլանային այս փոխհարաբերությունների տիրույթում ոչ ոք չի տուժելու: Բոլորին ձեռնտու իրավիճակ է, քանի որ բոլորն էլ ինչ-որ անշարժ ու քարացած հարմարավետության մեջ են: Դե մեր աչքի առաջ կրակոտ աչքերով հեղափոխականներից շատերը մի գեշերվա ընթացքում փոխակերպվեցին քաղքենի բյուրոկրատների՝ բեռ դառնալով պետության ու հանրության վզին»,– գրել է Փաշոյանը:

Միակ տուժողը Հայաստանի Հանրապետությունն է, քանի որ առանց պառլամետարիզմի ու դրա ավանդույթների պետական համակարգը երբեք լիարժեք չի զարգանալու ու շարունակելու է մնալ թերի, կիսատ ու անավարտ:

Պատգամավորը պետք է հասկանա, որ ինքը գործադիրի խամաճիկը չէ, իսկ գործադիրն էլ պետք է հասկանա, որ միջամտել խորհրդարանի աշխատանքներին նշանակում է անցնել պետության վրայով: Դեռևս Հոբսի ժամանակներից սկսած մարդիկ գլխի են ընկել, որ իշխանության մարմինների սերտաճումը անթույլատրելի պրակտիկա է:

Ի դեպ ուզում եմ նաև նշել, որ ես ոչինչ չունեմ Վահե Էնֆիաջյանի դեմ: Անկեղծ ասած երբ ԱԺ-ում հավատարմագրված լրագրող էի, այդ մարդուց միշտ դրական տպավորություններ եմ ստացել: Վստահաբար որակապես նա չի զիջում ԱԺ նախագահությունում նստող «Իմ քայլը» դաշինքի մյուս ներկայացուցչին: Իմ խնդիրը ԲՀԿ-ի և դրա գոյության ներկայիս ձևի ու բովանդակության հետ է:

Տպել
Ամենաշատ